կարևոր
2228 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-27 14:53

Փոխադրական քննություններ չեն անցկացվելու․ նախարար

Փոխադրական քննություններ չեն անցկացվելու․ նախարար

Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն իրականացվելու 4-րդ եւ 9-րդ դասարանների ավարտին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը

«Աշակերտների մինչեւ մարտի 13-ն ունեցած եւ էլեկտրոնային մատյան փոխանցած գնահատականների հիման վրա ամփոփվում են նրանց տարեկան գնահատականները, որոնք համարվում են քննական, որոնց հիման վրա աշակերտները փոխադրվում են հաջորդ դասարան։ Փոխադրական քննություններ չեն իրականացվում նաեւ ավագ դպրոցի 10-րդ եւ 11-րդ դասարաններում, ամփոփումը տեղի է ունենում նույն ձեւով»,-նշել է նախարարը։

Նախարարի խոսքով՝ քոլեջների եւ ուսումնարանների ավարտական դիպլոմային պաշտպանություն եւ քննություններ չեն իրականացվում, ամփոփումը կատարվում է ինչպես դպրոցական ավարտականների դեպքում․ «Եթե սովորողը գնահատական չունի 2-րդ կիսամյակում, տարեկանը նշանակվում է ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքում։ Ամփոփումը կատարվում եւ դիպլոմները տրվում են միչեւ հունիսի 5-ը»,-ասել է Հարությունյանը։