Մեր հանդիպումը, քննարկումներն ավելի շատ հետախուզական բնույթի են. եղել են հարցադրումներ, պատասխաններ, ճշտումներ երկրի ներքին և զարգացումների պատկերացումների հետ կապված, ո՛չ մենք ենք կոալիցիա մտնել առաջարկել, ո՛չ էլ մեզ են առաջարկել կոալիցիա կազմել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով Արցախում ընտրություններից հետո մեկնարկած քաղաքական կոնսուլտացիաներին և նախագահի հաղթած թեկնածու Արայիկ Հարությունյանի հետ օրերս ՀՅԴ Արցախի կառույցի պատասխանատուների հանդիպմանը:
«Ավելի շատ քննարկումները եղել են այն պատկերացումների շուրջ, թե ինչպես ենք տեսնում Արցախի զարգացումներն առաջիկա 5 տարիների ընթացքում: Երկխոսությունը եղել Արցախի կայուն և անվտանգ զարգացման հարցերի շուրջ: Ամենայն հավանականությամբ նման կոնսուլտացիաները դեռ կշարունակվեն, որովհետև եղած հարցադրումների շուրջ պետք է հասկանալ ընտրված նախագահի և խորհրդարան անցած ուժերի մտորումները»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է կոալիցիայի հնարավոր հեռանակարին, եթե ընդհանուր մոտեցումներ ձևավորվեն առանցքային հարցերի շուրջ, ապա Վահրամ Բալայանն ասել է.
«Այս պահին չեմ կարող ասել, մենք էլ գրեթե ամեն օր հանդիպումներ, քննարկումներ ենք ունենում, այն առաջնահերթությունները, մարտահրավերները, որոնք ծառացել են երկրի առաջ և պետք է խորությամբ քննարկենք, նոր որոշում կայացնենք, այնպես չէ, որ ձեռքի հետ պետք է որոշենք և առաջ անցնենք պատասխանատու որոշում պիտի լինի»,-նշել է նա:
Անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլում կան հրապարակումներ, ըստ որի՝ «Ազատ Հայրենիք» կուսակալությունը կոալիցիա կարող է կազմել ոչ միայն ՀՅԴ-ի, ԱԺԿ-ի, այլ նաև Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության հետ, որը խորհրդարան անցած պատգամավորների թվով երկրորդ քաղաքական ուժն է, այդ դեպքում ՀՅԴ-ն պատրաստ կլինի համագործակցել, Վահրամ Բալայանն ասել է.
«Մենք առանձին անհատների, անձերի հարց չենք քննարկում, ՀՅԴ-ն իր ողջ գոյության ընթացքում ապացուցել է, որ չի մտասևեռվում մի կետի վրա և դրա շուրջ ինչ-որ բան որոշում, Արցախում չկան ուժեր, որոնց նկատմամբ մենք ատելությամբ ենք լցված, չենք ընդունում, բոլոր ուժերն էլ իրենց տեղն ունեն, բոլորի հետ էլ պետք է խոսել, քննարկել անկախ նրանից ինչ անձեր են ներկայացնում»,-նկատել է նա:
Վահրամ Բալայանի խոսքով՝ ՀՅԴ-ի դերակատարությունը քաղաքականության մեջ չպետք դիտարկել ընտրությունների արդյունքում ստացած 3 մանդատների թվով:
«ՀՀ-ում էլ ՀՅԴ-ն մանդատներ չունի, բայց դա չի նշանակում, որ նա երկրի կյանքում դերակատարություն չունի և չի ունենալու: Ուշադիր հետևեք՝ ասում են այս ինչի, այն ինչի կուսակցությունը, բայց ՀՅԴ-ն մարդ-կուսակցություն չէ, մեր կուսակցության առաքելությանը այլ է: Մենք պետք է մտածենք, որ ՀՅԴ-ի հնարավորությունները օգտագործենք հայոց պետականության համար, միջազգային կառույցների հնարավորությունները և ուժը պետք է օգտագործենք մեր երկիրը հզորացնելու համար: Միայն մի փաստ ասեմ՝ 5 տարվա ընթացքում Արցախ ժամանած արտասահմանյան ազդեցիկ 53 պատվիրակություններից 32-ը կազմակերպվել է ՀՅԴ-ի կողմից»,-նկատել է Բալայանը։
Վահրամ Բալայանը շեշտեց, որ քաղաքական ուժերի հետ իրենց հանդիպումներում առաջնային են համարում Արցախյան հարցի շուրջ ձևավորված իրավիճակի և տեսլականի ներկայացման խնդիրը:
«Պատերազմի, անվտանգության հետ կապված հարցեր կան: Այն ուժերը, որոնք պատրաստ կլինեն «Չզիջելով զարգանալու» գաղափարի շուրջ համախմբվելու մենք պատրաստ ենք նրանց հետ աշխատելու: Հիմա Արցախյան հարցի շուրջ վտանգավոր զարգացումներ ենք տեսնում, պատերազմը, ցավոք սրտի ավարտված չէ, ամեն օր ընթանում է մեկ տեղեկատվական դաշտում, մեկ էլ ռազմադաշտում: Պետք է զգոն լինենք ուժերը համախմբենք, մնացածը երկրորդական է, Աստված չանի մի բան լինի, թուրքը չի հարցնելու ով, որ կուսակցությունից է, ասելու են հայ է: Պետք է երկրի միասնականությունը պահպանենք, փորձենք հաղթահարել մարտահրավերները»,-ասել է նա:
Վահրամ Բալայանը նաև ընդգծել է, որ իրենց համար անընդունելի են Արցախում ևս հասարակության բաժանումներ իրականացնելու փորձերը:
«Դրսից են փորձում հրահրել՝ օգտագործելով նաև տեղի այն ուժերին, որոնք չեն ընկալում վտանգները: Փորձում են հասարակությունը, պետականությունը թուլացնել: Քաղաքական ուժերի խնդիրը պիտի լինի նման գործընթացներ թույլ չտալը»,-եզրափակել է Վահրամ Բալայանը։