կարևոր
1593 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-26 10:20

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախարարական կոնֆերանս. ինչպես մեղմացնել մշակույթի ոլորտի վրա ճգնաժամի ազդեցությունը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախաձեռնել է նախարարարական առաջին տեսակոնֆերանսը մշակույթի ոլորտի վրա՝ COVID-19 համաճարակով պայմանավորված ճգնաժամի ազդեցության մեղմացման թեմայով։ Շուրջ 150 երկրի պատվիրակների հետ տեսակոնֆերանսին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջից։

Շնորհակալություն հայտնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին առցանց հանդիպում նախաձեռնելու համար` նախարարն անդամ երկրներին ներկայացրել է ստեղծված իրավիճակում մշակույթի ոլորտում Հայաստանում իրականացվող ծրագրերն ու մեր երկրի փորձը։

«Առողջապահության համաշխարհային ճգնաժամը խորապես ազդել է մեր երկրներում մշակութային կյանքի վրա: Արվեստագետներն այսօր ստիպված են հաղթահարել աննախադեպ մասնագիտական և տնտեսական խոչընդոտներ: Մենք զգում ենք, որ պարտավոր ենք ձեռնարկել հատուկ նորարարական միջոցառումներ մշակութային ոլորտին աջակցելու համար»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքները մեղմելու ուղղությամբ առանձնացնելով երկու հիմնական թիրախ.

1. մշակույթի ոլորտի աշխատողների սոցիալական ապահովության հարցը, որը լուծելու ուղղությամբ ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում (վճարվում են պետական մշակութային հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը)։

2. քաղաքացիների՝ մշակութային ծառայություններից օգտվելու իրավունքի անխափան իրացման հարցը:

«Համավարակի տարածման ամենասկզբից Հայաստանի Հանրապետության մշակութային պետական հաստատությունները` համերգասրահները և թատրոնները, թանգարանները և գրադարանները, իրենց գործունեությունն անմիջապես տեղափոխեցին առցանց տիրույթ՝ կարճաժամկետ հատվածում լուծելով մարդկանց ժամանցի, ոչ ֆորմալ կրթության և հոգեբանական ճգնաժամից զերծ մնալու հարցը` արտթերապիայի, բիբլիոթերապիայի, հեքիաթաթերապիայի, ծիծաղի թերապիայի միջոցով: Ահա մի քանի վերնագիր՝ Կորոնադադար, Տնից թանգարան և գրադարան, Դասարան+Դասական, Դաս Ա և այլն»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ հատուկ շեշտելով, որ ամենակարևոր գործոնն այն է, որ դրանք բոլորը ներառական և ինտերակտիվ միջոցառումներ են:
Բացի այդ, ստեղծագործողները հրավիրվել են մասնակցելու «Արվեստ՝ ծնված COVID-19-ին» պայմանական խորագրով գրական, կերպարվեստի, երաժշտական մրցույթին։

«Ի վերջո, ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանի Հանրապետությունը, միջազգային պարտավորություններին համահունչ, շարունակելու է մանրամասն տեղեկություններ փոխանակել այն մասին, թե ինչպես է կառավարությունը միջոցներ ձեռնարկում մշակույթի ոլորտում COVID-19-ի առաջացրած խնդիրները լուծելու համար»,-իր ելույթն ամփոփել է Արայիկ Հարությունյանը: