Թուրքիայի ԱԳՆ-ն ուրբաթ օրը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որով հարգել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում սպանված հայերի հիշատակը:
«Ներքաղաքական համոզմունքներ պարունակող այս հայտարարությունը մեզ համար անվավեր է։ Մենք մերժում ենք հայտարարության մեջ ներկայացված մեղադրանքները։ Մենք տեսնում ենք, որ դրանում համառորեն անտեսվել են այն ժամանակ հայ ապստամբների կողմից սպանված 500 հազար մահմեդականների տառապանքները։ Նման արդարությունից զուրկ վերաբերմունքն անհրաժեշտ է փոխել», - ասված է արտաքին քաղաքականության գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ ուժի մեջ է մնում Անկարայի առաջարկը՝ «1915 թվականի իրադարձությունները հետաքննող պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին»
Գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ ուրբաթ օրը ԱՄՆ նախագահը հարգել էր 1915 թվականին Օսմանյան կայսրությունում սպանված հայերի հիշատակը, սակայն չօգտագործեց «ցեղասպանություն» բառը այդ ողբերգությունը նկարագրելու համար: