Միացյալ Նահանգների նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը խոստանում է, որ ընտրվելու պարագայում սատարելու է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին: Այս մասին Բայդենը հայտարարել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առնչությամբ տարածած հաղորդագրության մեջ:
«Այսօր մենք հիշում ենք այն կոտորածները, որոնց առերեսվեց հայ ժողովուրդը Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915-1923 թթ: Շուրջ 2 մլն հայեր զանգվածային տեղահանության ենթարկվեցին, 1,5 մլն տղամարդիկ, կանայք եւ երեխաներ սպանվեցին»,- նշել է Բայդենը հայտարարության մեջ՝ ընդգծելով, որ պետք է երբեք չմոռանալ ու լուռ չմնալ բնաջնջման այս սարսափելի ու համակարգված ծրագրի մասին:
Նա նաեւ ընդգծել է, որ հրաժարվելով հիշել կամ ճանաչել ցեղասպանության փաստը՝ նոր ճանապարհ ենք բացում ապագա զանգվածային կոտորածների համար: Ջո Բայդենը նշել է, որ ընտրվելու դեպքում իր վարչակազմի համար թիվ մեկ առաջնահերթություն կլինի համընդհանուր մարդկային արժեքները:
«Այսօր ես միանում եմ ամբողջ հայությանն ու ամերիկահայ համայնքին, որը մեծ նպաստ է բերել մեր ազգին՝ հիշելով եւ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերին»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ Ջո Բայդենը առաջատարն է դեմոկրատ թեկնածուների ցուցակում: