Նիդերլանդների թագավորության կրթության նախարար Արիս Սլոբն ափսոսանք է հայտնել, որ չի կարողացել ժամանել Երևան և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ իր հարգանքի տուրքը մատուցել։ Իր ուղերձում Սլոբը հիշել է հինգ տարի առաջ` Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը Երևանում իր գտնվելու մասին։
«5 տարի առաջ ես ներկա էի Երևանում, Հայաստանում, այդ սարսափելի իրադարձությունների 100-րդ տարելիցի ոգեկոչմանը։ Հիմա, 5 տարի անց, որպես նախարար հուշարձանի մոտ իմ խոնարհումի ծաղիկը պիտի դնեի, ափսոս որ կորոնավիրուսի պատճառով այն չիրականացավ։ Բայց այս ուրբաթ մենք հիշում ենք այն հայերի և մյուս ազգերի մասին, որոնք զոհ գնացին 105 տարի առաջ։ Մենք նույնպես միանում ենք Նիդերլանդներում ապրող հայերին, որոնք 105-րդ ոգեկոչման արարողությունը ուրիշ կերպ՝ լռությամբ պիտի հարգեն։ Սրտագին բարևներով ՝ Արի Սլոբ»,- ասել է նախարարը։
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն։ 2004թ. դեկտեմբերի 21-ին Նիդերլանդների խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել։