կարևոր
2420 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-25 15:36

ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի մի շարք ներկայացուցիչներ իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և իրենց զորակցությունը հայտնել հայ ժողովրդին։

Հայոց ցեղասպանության առիթով տեսաուղերձներ են հղել կոնգրեսականները Ջոն Սարբեյնսը, Ռաջա Կրիշնամուրտին, Թուլսի Գաբբարդը, Աննա Էշուն, Դոն Բեյերը, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Շպայերը և ուրիշներ։

Նրանք իրենց տեսաուղերձներուն նշել են, որ միշտ պետք է հիշել 105 տարի առաջ Հայոց ցեղասպանության զոհ դարձած 1.5 միլիոն նահատակներին։

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:

ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև է ընդունվել 2019թ. դեկտեմբերի 12-ին։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող բանաձևն ընդունվել է 2019թ. հոկտեմբերի 30-ին։