Ղազախստանի արևելքում բնության հատուկ պահպանվող տարածքում երեք օր շարունակ հրշեջները մարում են բռնկված հրդեհը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Կրակի տակ է առնվել 2,5 հազար հա տարածք։
Արևելա-Ղազախական մարզի Բեսկարագայսկի թաղամասում «Օրմանայի ընտանիք» կոչվող պետական անտառային արգելոցի տարածքում ապրիլի 23-ին հրդեհվել են սոճիներ: Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված է եղել 73 հրշեջ-փրկարար և 2 ուղղաթիռ։ Ուրբաթ օրը՝ ապրիլի 24-ին, երբ հրդեհը տարածվել է մոտ 2 հազար հա տարածքում՝ ներգրավվել է ավելի քան 300 անձ, տրամադրվել է ևս մեկ ուղղաթիռ։ Երեկոյան հրշեջներին հաջողվել է դադարեցնել կրակի տարածումը։
«Կրակի մարումը կատարվում է շուրջօրյա ռեժիմով։ Արդյունավետությունն ավելի է մեծանում առավոտյան և երեկոյան ժամերին, երբ օդի ջերմաստիճանն ընկնում է և կրակի տարածման արագությունը պակասում է։ Հրդեհի մակերեսը կազմում է մոտ 2500 հա։ Այս պահին ընթանում են առանձին օջախների մարման աշխատանքներ»,- հայտնել է Ղազախստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Նուրսուլթան Նուրահմետովը։ Այս պահին մարման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 400 աշխատակից և մոտ 100 միավոր տեխնիկա։