կարևոր
1452 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-24 23:42

Մենք աշխատում ենք՝ երաշխավորելու, որ պատվաստանյութերը կհասնեն բոլոր երկրներին. Աֆեյան

Մենք աշխատում ենք՝ երաշխավորելու, որ պատվաստանյութերը կհասնեն բոլոր երկրներին. Աֆեյան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանը փաստում է, որ կորոնավիրուսի համավարակը ստեղծել է միջազգային ճգնաժամ, ինչը պահանջում է միջազգային լուծումներ: Աֆեյանն այս մասին ասել է  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առիթով առցանց քննարկման ընթացքում՝ պատասխանելով պատվաստանյութի մշակման մասին հարցին, որով զբաղվում է նաև նրա ընկերությունը։

«Պատվաստանյութ մշակելը, փորձարկելը մեկ բան է, սակայն որքա՞ն ժամանակ հետո Հայաստանի նման երկիրը կկարողանա օգտվել այդ տեսակ պատվաստանյութից այս ճգնաժամի պայմաններում»,-հարցրել է մոդերատորը:

Աֆեյանը նախ նշել է՝  պատվաստանյութ ստեղծելու գործով զբաղված են տասնյակ հազարավոր գիտնականներ աշխարհով մեկ, գուցե դրանք հիմա անմիջապես չեն կարող բուժել պացիենտներին, սակայն դրանք ապագա պացիենտների համար են: Նա նկատել է՝ ստեղծված վիճակը ինչ-որ չափով աննախադեպ է մեր ժամանակներում, գոնե վերջին հարյուրամյակում՝ մասշտաբի տեսանկյունից:

«Եվ մենք պետք է պաշտպանվենք ավելի ու ավելի առաջատար տեխնոլոգիաների միջոցով: Մեկուսացումը առաջին քայլն է, սակայն անշուշտ ամբողջ աշխարհն աշխատում է և հույս ունի, որ նաև պետք է մշակվի պատվաստանյութ, դեղամիջոց: Եվ մենք ընկերություններից մեկն ենք, որ աշխատում ենք դրա վրա: Այս ասպարեզում կան շատ անորոշություններ: Ինչ վերաբերվում է Հայաստանի նման երկրներին, պետք է ասեմ, որ այս ջանքերը, որոնք այժմ ձեռնարկվում են, նախատեսված են ամբողջ աշխարհին օգնելու համար: Ապրում ենք մի ժամանակում, որտեղ ազգայնամոլությունն ավելի մեծ զարկ է ստացել, կան երկրներ, որոնք ավելի շատ հակված են իրենց շահերը պաշտպանելու, քան ամբողջ աշխարհի, բայց ի վերջո ես վստահ եմ, որ աշխարհի ազգաբնակչությունը կտա լուծումներ, որոնք մատչելի կլինեն բոլորի համար»,-նշել է Աֆեյանը:

Նրա կարծիքով՝ այս ճգնաժամը կհիշեցնի, որ անհրաժեշտ են գլոբալ հաստատություններ, որոնք հիմնվել էին անցյալ դարում, բայց այժմ, կարծես թե, թուլանում են: Աֆեյանը նկատել է՝ դա կլինի  միջազգային կառույցների պատասխանատվությունը, ինչպիսիք են ԱՀԿ-ն, այլ կառույցներ: «Մենք, ինչպես նաև մյուսները միասին աշխատում ենք ՝ երաշխավորելու համար, որ պատվաստանյութերը կհասնեն բոլոր երկրներին: Եվ, անշուշտ, Հայաստանը, հայերը նույնպես դրա ստացողը կլինեն: Սա միջազգային ճգնաժամ է, ուստի դրա համար անհրաժեշտ են միջազգային լուծումներ»,-ասել է նա:

Կորոնոավիրուսի դեմ փորձարկված և հաստատված պատվաստանյութ այս պահին աշխարհում դեռ չկա: Աֆեյանի ստեղծած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական  ընկերությունում  այժմ ընթանում են կլինիկական փորձարկումներ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար: Աֆեյանը հույս էր հայտնել, որ գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի  փորձարկումից արդյունք կլինի: Պատվաստանյութը կլինիկական փորձարկումներ է անցնում մարտի 17-ից:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Այն լայն տարածում է գտել աշխարհի շատ երկրներում: