Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի արքեպիսկոպոս Գինտարաս Գրուսասը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: Վիլնյուսի արքեպիսկոպոսը ուղերձում ասել է․
«Անցյալ դարում աշխարհում կատարվել են բազմաթիվ ողբերգություններ, սպանվել են մարդիկ։ Եկեք աղոթենք հայ ժողովրդի և զոհերի հիշատակի համար, եկեք վերհիշենք անցյալ դարի բոլոր զոհերին՝ նրանց, ովքեր հայտնվել էին դաժան փորձությունների հորձանուտում և զոհաբերել էին իրենց կյանքը»։
Օսմանյան կայսրության կողմից 1915 թ․ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր։ Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն, այդ թվում նաև Լիտվան։ 2005 թվական դեկտեմբերի 15-ին Սեյմասն ընդունել էր Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը։