կարևոր
2327 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-24 18:40

Հայոց ցեղասպանության ճանաչումը և պահանջատիրությունը ՀՅԴ-ի հիմնական օրակարգային հարցերից են. Իշխան Սաղաթելյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և պահանջատիրությունը շարունակում են մնալ Դաշնակցության հիմնական օրակարգային հարցերի առանցքում. այս մասին այսօր Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: 

Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրվա կապակցությամբ ապրիլի 24-ին Կոմիտասի անվան պանթեոնում ՀՅԴ Բյուրոյի և Հայաստանի Գերագույն մարմնի անդամները ծաղկեպսակ դրեցին Կոմիտասի շիրիմին և, ի դեմս նրա, խոնարհվեցին Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակի առջև: 

Լրագրողների հետ զրույցում Գերագույն մարմնի ներկայացուցիչն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի դերին ու նշանակությանը. «Վերջին տարիներին ամենակարևոր ձեռքբերումներից մեկը նաև 2015 թ. ընդունված հռչակագիրն էր, որը Հայ դատի լուծման ուղղությամբ համազգային ուժերը համախմբելու իմաստով շատ կարևոր փաստաթուղթ է։ Մեր պետությունը, կարծում եմ, պետք է հավատարիմ մնա այդ փաստաթղթի տառին և ոգուն», - նշեց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ ՀՅԴ-ն միշտ առաջին շարքերում է եղել և շարունակելու է լինել՝ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության, վերականգնման և պահանջատիրության հարցը օրակարգում պահելու գործում։ 

Մեկնաբանելով օրեր առաջ «պահանջատիրություն» շեշտադրումը կարգախոսից հանելու փորձերը՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նշեց. «Մենք շատ արագ արձագանքեցինք։ Դա մեզ համար անընդունելի, դատապարտելի երևույթ է։ Պահանջատիրությունը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, և եթե հայտնվի որևէ մեկը, որևէ ինստիտուտ, պաշտոնյա, որ այս հարցը դնի հարցականի տակ, մենք շատ կտրուկ արձագանքելու ենք: Սա մեզ համար սկզբունքային խնդիր է, և կարծում եմ, հայ ժողովրդի պայքարի հետագա շարունակականության իմաստով կարևոր գրավական»։

Ի. Սաղաթելյանը անդրադարձավ նաև Հայ դատի աշխարհասփյուռ հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքներին՝ փաստելով, որ վերջիններս ամենօրյա ռեժիմով իրականացնում են հետևողական աշխատանքներ ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման, այնպես էլ Արցախի և ՀՀ-ի շահերն առաջ տանելու հողի վրա: 

Ի՞նչ տեսակետ ունի ՀՅԴ-ն՝ կառավարության՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդունված կարգախոսի հնարավոր վերանայման մասին հայտարարությունների առնչությամբ՝ հարցին, Ի. Սաղաթելյանը պատասխանեց. «Նայած ինչը ինչով են փոխարինում։ Եթե հրաժարվելու են պահանջատիրությունից և տեղը ինչ-որ բառակապակցություն տեղադրեն՝ դա անթույլատրելի է։ Բայց, քանի որ չգիտենք, թե խոսքն ի՞նչի մասին է՝ հիմա մեկնաբանություններ չանեմ այդ իմաստով»։  

Եզրափակելով՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նաև հավելեց, որ քաղաքական կուսակցություններին այսօր պետք է հնարավորություն տային ծաղկեպսակ տեղադրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում. «Մենք այսօր այստեղ ենք, քանի որ այդ հնարավորությունից զրկված են քաղաքական կուսակցությունները, և միայն պետական պատվիրակություններին է այդ հնարավորությունը ընձեռվել։ Մենք գտնում ենք, որ արտակարգ դրության կարգը պահելով այսօր պետք էր քաղաքական կուսակցություններին այդ հնարավորությունը տրվեր։ Մենք ունեինք միջոցառումների ծրագիր։ Նաև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը  ավանդական «Ջահերով երթի» խորհուրդը պահելու իմաստով ուներ փոքր ծրագիր, դժբախտաբար պարետատնից արձագանքներ չեն եղել, փորձել ենք կապնվել, սակայն այդ հնարավորությունը չի եղել»։