կարևոր
721 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-24 17:36

Հիշում ենք ու պահանջում, որ կատարվածը երբեք չմոռացվի. Ֆրանկ Էնգելի ուղերձը

Հիշում ենք ու պահանջում, որ կատարվածը երբեք չմոռացվի. Ֆրանկ Էնգելի ուղերձը

Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր, Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոս Ֆրանկ Էնգելը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով ևս մեկ անգամ հիշում է ոճրագործությունն ու պահանջում, որ 1915-ին կատարվածը երբեք չմոռացվի և չկրկնվի: Էնգելն այս մասին ասել է տրամադրած տեսաուղերձում:

2020-ի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրն է, սակայն այն նման չէ մյուսներին․ Էնգելը փաստել է՝ առաջին անգամ է, որ ոգեկոչումը տեղի է ունենում վիրտուալ աշխարհում, օնլայն տարբերակով: «Երևանում՝ Ծիծեռնակաբերդում, այսօր միլիոնավոր մարդիկ չկան, հավաքներ չկան այն հիմնական վայրերում, որտեղ հայերը հավաքվում են ողջ աշխարհում: Ես կվերադառնամ, օրինակ, 2015 թվական, երբ մենք կարողացանք մեծ ոգեկոչման արարողություն կազմակերպել Ստամբուլում, որը պահանջում էր հազարավոր մարդկանց ֆիզիկական ներկայություն: Դա հնարավոր չի լինի այս տարի որևէ տեղ: Սակայն Ցեղասպանության ճանաչումը, այն ժամանակ գործած մեղքերի ճանաչումը, կատարված հանցագործության ճանաչումը չպետք է կանգ առնի»,- շեշտել է նա:

Էնգելը ուրախությամբ նշել է, որ կարողացել է իր փոքր նպաստն ունենալ իր երկրի՝ Լյուքսեմբուրգի կողմից երկու տարի առաջ ցեղասպանության ճանաչման գործում: «Եվ ես նաև ուրախ կլինեի այս տարի ոգեկոչմանը ֆիզիկապես մասնակցել: Սակայն դա հնարավոր չէ, մենք բոլորս գիտենք, թե ինչու, բայց, միևնույն ժամանակ, մենք բոլորս գիտենք, որ տարբերություն չկա, ցեղասպանությունը կատարվել է, և ցեղասպանությունը երբեք չպիտի կրկնվի: Այսպիսով՝ այս անգամ՝ վիրտուալ միջավայրում, բայց ավելի ուժգին կերպով ոչ միայն հիշում ենք, այլ նաև պահանջում, որ կատարվածը երբեք չմոռացվի և երբեք չկրկնվի»,-եզրափակեց նա: