Դոնի Ռոստովի հայկական համայնքը միացել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Դոնի հայ երիտասարդական միության ղեկավար Գևորգ Գրիգորյանն ասել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ ինչպես բոլոր հայկական եկեղեցիներում, այնպես էլ Դոնի Ռոստովի Սուրբ Հարություն եկեղեցում ապրիլի 23-24-ին հիշատակի միջոցառումներ են անցկացվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին:
Գրիգորյանը նշել է, որ ապրիլի 23-ին, ժամը 21:00-ին, Ռոստովի եկեղեցում հնչել են զանգերը, մարդիկ անջատել են բնակարանների լույսերն ու մոմեր վառել պատուհանների մոտ: «Ապրիլի 24-ի կեսօրին մեկ րոպե լռությունից և երեք րոպե տևողությամբ եկեղեցական զանգերի հնչելուց հետո հարգանքի տուրք է մատուցվել զոհերի հիշատակին: Սուրբ Հարություն եկեղեցու տեր Տիրան քահանա Ավագյանն աղոթք է ընթերցել՝ ի հիշատակ սուրբ նահատակների»,-ասել է նա:
Գևորգ Գրիգորյանը շեշտել է, որ ցեղասպանությունը հանցագործություն էր՝ ուղղված ոչ միայն հայ ժողովրդի, այլև առհասարակ մարդկության դեմ: «Պարզապես անընդունելի է խաղաղ բնակչությանն անգթաբար ոչնչացնելը, հայ մտավորականությանը դաժանորեն գլխատելն ու հայ զինվորներին կեղծիքի միջոցով պատերազմ ուղարկելն ու վերացնելը: Մենք ատելության կոչ չենք անում, պարզապես հիշեցնում ենք, որ չենք մոռացել այս ամենն անգամ 105 տարի անց և չենք մոռանա»,-ընդգծել է երիտասարդական միության ղեկավարը:
Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: 2020-ին աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: Իսրայելը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: