կարևոր
1279 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-24 16:19

Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել հեռահաղորդակցության օպերատորներին

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել հայաստանյան հեռահաղորդակցության բոլոր օպերատորներին և աջակից կազմակերպություններին՝ տեխնոլոգիական լուծումներով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում բոլորի ներկայությունն ապահովելու համար։ Այս մասին Արշակյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Այսօր՝ ապրիլի 24֊ին, մենք բոլորս հարգում ենք Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ տեխնոլոգիական լուծում ենք տվել Ձեր բոլորի ներկայությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապահովելու համար՝

Այդ հարցում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայաստանյան բոլոր հեռահաղորդակցության օպերատորներին եւ աջակից կազմակերպություններին՝ «Ռոստելեկոմ» Հայաստան, «Վեոն Արմենիա», «Վիվա֊ՄՏՍ», «Յուքոմ», «Ղ֊տելեկոմ», Նիկիտա Մոբայլ ընկերություններին:

Նրանց աջակցության շնորհիվ Հայաստանից և Արցախից յուրաքանչյուրը կարող է 1915 համարին 1 դրամ սակագնով կարճ հաղորդագրության (SMS) միջոցով ուղարկել իր անուն, ազգանունը, իսկ արտասահմանից հաղորդագրություն ուղարկելու դեպքում՝ +37433191500 հեռախոսահամարին, և հուշահամալիրի պատին ողջ գիշեր հնչող երաժշտական կատարումների ընթացքում լուսային արտացոլման տեսքով ներկա գտնվել և հարգանքի տուրքը մատուցել զոհվածների հիշատակին:

Հավելեմ, որ յուրաքանչյուր համարից կարող եք մինչեւ 5 անուն ուղարկել։

Այս օրը յուրաքանչյուր հայի համար հիշատակի օր է եւ միեւնույն ժամանակ՝ համախմբվելու, միավորվելու:

Առողջ եղեք, միասնականությամբ մենք կարող ենք հաղթահարել ամեն դժվարություն»,-գրել է Արշակյանը: