կարևոր
655 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-24 15:17

Պատմական ճշմարտության համար պայքար ենք պարտք. Փարիզի քաղաքապետի ուղերձը Ցեղասպանության տարելիցին

Պատմական ճշմարտության համար պայքար ենք պարտք. Փարիզի քաղաքապետի ուղերձը Ցեղասպանության տարելիցին

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն կարծում է՝ քանի դեռ ամբողջ աշխարհը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և քանի դեռ ժխտողականությունը քրեականացված չէ, մարդկությունը պատմական ճշմարտության համար պայքար է պարտք: Անն Իդալգոն նման տեսակետ հայտնեց տրամադրված բացառիկ ուղերձում:

Իդալգոն նախ նկատեց՝ այս տարի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն անցնում է սանիտարական արտակարգ դրությամբ պայմանավորված մեկուսացման բացառիկ պայմաններում։ «Դա է պատճառը, որ ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) երկու համանախագահների՝ Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի համաձայնությամբ, ես ստիպված եղա չեղարկել հայ համայնքի համար ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանում նախատեսված ամենամյա ընդունելությունը: Ցավում եմ և գիտեմ, որ դուք բոլորդ կհասկանաք, որ սա կառավարական որոշումների հետ համահունչ լինելու հրամայականն է»,-ասաց նա:

Քաղաքասպետը պարզաբանեց՝ այդ որոշումներով է պայմանավորված նաև, որ CCAF-ը ստիպված է եղել սահմանափակվել միայն խիստ սահմանափակ կազմով ապրիլի 24-ի ավանդական միջոցառման ընթացքում՝ Կոմիտասի հուշարձանի մոտ ծաղկեպսակ դնելով։ Դրան Անն Իդալգոն ներկա կլինի:

«Եթե այս տարի մենք չենք կարողանում ինչպես հարկն է հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին, անկախ ամեն ինչից, պետք է հիշենք նրանց ոգեկոչման այս ազգային օրը։ Մենք նրանց պարտք ենք պատմական ճշմարտության համար պայքարը, քանի դեռ ցեղասպանությունը չի ճանաչվել ամբողջ աշխարհում և քանի դեռ մեր երկրում ժխտողականությունը քրեականացված չէ։ Ես ձեզ առաջարկում եմ ինձ պես պաշտպանել և շրջանառել CCAF-ի կողմից մեկնարկած իրազեկման արշավը հետևյալ խորագրով․ «Ես մնում եմ տանը, բայց մոբիլիզացվում եմ»,-ասաց քաղաքապետը:

Նա շեշտեց՝ պետք է մնալ տանը, առողջությունը բացարձակ առաջնահերթություն է, բայց միևնույն ժամանակ նշեց. «Հավատարիմ լինենք պատմության հանդեպ մեր պարտքին, ինչպիսին էլ որ լինեն բարդություններն այս պահին Փարիզում, Հայաստանում և Արցախում, որոնք, ես գիտեմ, որ շատ են տուժել համաճարակից»:

Անն Իդալգոն վստահություն հայտնեց, որ գալիք տարի հնարավոր կլինի սովորական պայմաններում հանդիպել հիշատակի արարողությանը։

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն, այդ թվում Ֆրանսիան, որը ճանաչման և դատապարտման մի քանի որոշում ու բանաձև ունի: 2019թ. ապրիլի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրամանագիր է ստորագրել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին: