կարևոր
2005 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-24 15:01

Գեղարքունիքում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին

Գեղարքունիքում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ծաղկեպսակ դրեց և ծաղիկներ խոնարհեց Գավառ քաղաքում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակն հավերժացնող խաչքարին:

Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ծաղիկներ խոնարհեցին նաեւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթև վարդապետ Բարսեղյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, ՀՀ ոստիկանության  աշխատակիցներ, հոգեւոր այրեր: 

Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի կողմից մատուցվեց Բարեխոսության կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների: «Մենք՝ ձեզ հետ, աղոթքով հիշեցինք մեր Սուրբ նահատակներին: Աղոթք հնչեցրինք առ Աստված, որ մեր բարեխոս սրբերը,  հատկապես այս օրերին, լսելով մեր աղոթքները, իսկապես մեզ ուժ, կարողություն և զորություն տան` հաղթահարելու մեր օրերում մեր հայրենիքի և ժողովրդի առջև հառնած դժվարությունները: Մեր նահատակներն արժանացել են սրբության պսակին, և մենք այլևս ոչ թե նրանց հոգիների հանգստության համար ենք  աղոթք բարձրացնում, այլ նրանց օրհնությունն ենք հայցում, նրանց բարեխոսությանն ենք  դիմում` իբրև հաղթանակած սրբեր, որոնք վայելում են Տիրոջ ներկայությունը, որպեսզի մեզ համար բարեխոս լինեն: Մեր եկեղեցին իմաստնորեն կատարեց այդ քայլը: Եվ այն այսօր ապրողներիս ուժ և զորություն է տալիս, և  մենք ուշի ուշով հետևում ենք մեր հայրենի պետության կողմից ձեռնարկած բոլոր միջոցառումներին, որոնք միտված են մեր հավատացյալների, մեր ժողովրդի առողջության պահպանմանը: Մեծարգո պարոն մարզպետ և քաղաքապետ, մենք բարձրորեն գնահատում ենք ձեր բերած ջանքերը, որն ուղղված է մեր ազգաբնակչության առողջացմանն ու անվտանգ կյանքին: Եվ այսօր՝ այս նահատակաց հիշատակության օրը, մեր բոլորի աղոթքները թող  վեր բարձրանան առ Աստված, և մեր բարեխոս նահատակ հայրերն ու մայրերը լսեն մեր աղոթքները և զորություն պարգևեն մեր պետական այրերին, հոգևոր իշխանությանը, որպեսզի համախմբված հաղթահարենք այս դժվար օրերը և լծվենք մեր հայրենիքի վաղվա  շեն ու լուսավոր օրը կերտելու կարևոր առաքելությանը»,- դիմելով ներկաներին` նշել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթեւ վարդապետ Բարսեղյանը: Ներկաները սրբադասված նահատակների հիշատակը հարգել են նաեւ մոմավառությամբ:

Ծաղկեդրման արարողություններ են կատարվել նաեւ Սեւան, Մարտունի, Վարդենիս եւ Ճամբարակ  համայնքներում: Մասսայական բնույթի միջոցառումները չեղարկվել են՝ ելնելով երկրում հայտարարված արտակարգ իրավիճակից: