կարևոր
363 դիտում, 11 ամիս առաջ --> 2020-04-24 13:23

ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն հորդորում է նախագահ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն հորդորում է նախագահ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն հորդորում է նախագահ Դոնալդ Թրամփին, որ նա ևս ճանաչի ու ընդունի 1915 թվականի դեպքերը, որպես ցեղասպանություն: Այդպիսով ապագայում կկանխվի նման դեպքերի կրկնությունը: «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում Ջուդի Չուն հույս է հայտնել, որ այդ օրը կգա և այդ խոսքերը Սպիտակ տան ղեկավարը կարտասանի: Դա կլինի անչափ կարևոր ուղերձ համայն մարդկությանը:

«Ես հպարտ եմ Փասադենայի շրջանից մեծ հայկական համայնքը կոնգրեսում ներկայացնելու փաստով: Ինձ բախտ է վիճակվել մոտիկից ծանոթանալ հայկական համայնքին և լսել հայերի պատմությունը: Առիթ եմ ունեցել հանդիպելու ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին, ովքեր տարիների ընթացքում իրենց պատմությունը փոխանցել են սերունդներին: Ես տեսել եմ, թե ինչպես է Միացյալ Նահանգների մեծ հայկական համայնքը երկար ժամանակ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար: Ես առիթ եմ ունեցել մաս կազմելու բողոքի ու պահանջատիրության այդ երթերին: Կոնգրեսում առաջին իսկ օրվանից ես հայանպաստ բոլոր բանաձևերի մաս եմ կազմել: Երբ կոնգրեսի երկու պալատներում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերն ընդունվեցին, ես ասացի, վերջապես արդարությունը հաղթեց: Ես երբեք այդ օրը չեմ մոռանա: Չեմ մոռանա նաև այդ օրը կոնգրեսում ներկա հայերի ուրախության արցունքները, քանի որ այդ պահին մենք բոլորս երկար էինք սպասել»,-ասաց Ջուդի Չուն: Նրա խոսքով, բանաձևերի ընդունմամբ Միացյալ նահանգների կոնգրեսը ճանաչեց 1915 թվականի դեպքերը, որպես ցեղասպանություն և ասաց, որ նման դեպքերի կրկնությունն անթույլատրելի է:

Կոնգրեսականը նկատեց, որ այս տարի համաճարակի պատճառով հայ համայնքի հետ չեն կարող միասին ևս մեկ անգամ ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, բայց, ընդգծեց, որ հոգեպես միասին են: Ըստ նրա՝ հպարտությամբ կարող ենք ասել, որ 105 տարի անց կարողացան համատեղ ձեռքբերում ունենալ Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում:

«1,5 մլն հայերի կյանքը թանկ է մեզ համար, և մենք երբեք չենք մոռանա հայերի հետ տեղի ունեցածը: Համատեղ աշխատանքով կարողացանք Հայոց ցեղասպանության ճանաչման և պատմական փաստերը ընդունելու համատեքստում մեծ առաջընթաց գրանցել: Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի ամբողջ տարածքում պետք է աշխատանքներ իրականացնել վստահ լինելու համար, որ կրթական բոլոր բնագավառներում Հայոց ցեղասպանության պատմությունը կդասավանդվի և համապատասխան գիտելիքներ կփոխանցվեն գալիք սերունդներին: Այս ամենին զուգահեռ ես կարևորում եմ նաև Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը և տարածաշրջանում խաղաղության հաստատումը: Խիստ կարևորում եմ նաև ականազերծման աշխատանքների շարունակությունը, որպեսզի ապագայում կարողանանք փրկել մարդկային կյանքեր»,-հավելեց նա:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:

Մասնավորապես, 2019 թվականի հոկտեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև, նույն թվականի դեկտեմբերին ԱՄՆ Սենատի կողմից ընդունվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող բանաձև: 2010 թվականի մարտին ընդունվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի համապատասխան որոշում: Ներկայացուցիչների պալատի կոմիտեն որոշում ընդունել է նաև 2007 թվականի հոկտեմբերին: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի համատեղ որոշում եղել է 1984 թվականի սեպտեմբերին, ինչպես նաև 1975 թվականի ապրիլին: 1920 թվականի մայիսի 11-ին որոշում է ընդունվել ԱՄՆ Սենատի կողմից: ԱՄՆ Սենատի կից որոշում եղել է նաև 1916 թվականի փետրվարին: