կարևոր
3569 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-24 11:08

«Լավ թուրքերը» կամ չարդարացված խաղաղասիրության վտանգները. Ռուբեն Մելքոնյան

«Լավ թուրքերը» կամ չարդարացված խաղաղասիրության վտանգները. Ռուբեն Մելքոնյան

YERKIRMEDIA.am-ը հրապարակում է թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է պարբերաբար հանրային օրակարգ նետվող թեմային, ըստ որի՝ թուրք հասարակությունում եղել են նաև լավ մարդիկ, որոնք Հայոց ցեղասպանության ժամանակ փրկել են հայերին: Ըստ նրա՝ սա չարդարացված խաղաղասիրություն է և որոշ վտանգներ է պարունակում: Հոդվածը՝ ստորև:

Երբ հայաստանյան հասարակական-քաղաքական օրակարգում հայտնվում և սխալ են մեկնաբանվում կարևոր ու զգայուն խնդիրներ, որոնք սերտորեն առնչվում են իմ մասնագիտությանը` թուրքագիտությանը, անհրաժեշտ եմ համարում արձագանքել: Միգուցե փոքր-ինչ պաթոսային հնչի, բայց սրանում կա մասնագիտական պատասխանատվության զգացում:

Ժամանակ առ ժամանակ կա՛մ ակնհայտ միտումով, կա՛մ անպատեհ, կոնտեքստից կտրված ու առանց մասնագիտական հավուր պատշաճի հիմնավորման մեր հանրային օրակարգ են նետվում «լավ թուրքերի», «հայերին փրկած թուրքերի» և համանման ձևակերպումներ ունեցող թեմաներ: Վերջին օրերին այլ խնդրի քննարկման և կոնկրետ երգի (Կռիվ ենք գնում ախպերս ու ես) օրինակի մեջբերմամբ կրկին ակտիվացավ «լավ թուրքերի» թեման սկսելով հանրապետության թիվ մեկ քաղաքական ամբիոնից` ԱԺ-ից, և տարածվեց սոցիալական ցանցերում, հասարակական քննարկումներում: Հարգելով բոլորի արտահայտվելու ազատությունը, ինչպես նաև քայլերի ու շարժառիթների անկեղծության կանխավարկածը` ես էլ իմ համառոտ մասնագիտական դիտարկումները ներկայացնեմ այդ և դրան ուղղակիորեն վերաբերող որոշ թեմաների շուրջ:

Հայոց ցեղասպանության ժամանակ եղե՞լ են արդյոք հայերին փրկող թուրքեր կամ մուսուլմաններ: Նախ պետք է փաստել, որ այդ ոճրագործության հարցում օսմանյան պետությունը և հասարակության գերակշիռ մեծամասնությունը գործել են ներդաշնակ, համագործակցաբար, սակայն եղել են առանձին բացառություններ և ահա հենց այդ բացառություններն էլ ձևավորել են «հայերին փրկող թուրքի» դիսկուրսը: Առանձին թուրքեր կամ մուսուլմաններ տարբեր շարժառիթներով, շատ քիչ դեպքերում՝ նաև հումանիստական, փրկել են առանձին հայերի, սակայն դա դոմինանտ միտումը հաստատ չի եղել:

Ներկայիս Թուրքիայում ինչպիսի՞ն են հասարակական գերակայող տրամադրությունները և մոտեցումները կապված հայերի, Հայոց ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների հետ: Այս հարցին պատասխանելուց առաջ պետք է հաշվի առնել հետևյալ կարևոր հանգամանքները.

 

1. Թուրքական պաշտոնական քարոզչությունը սկսած հանրապետության հիմնադրումից (1923 թ.) և դրան նախորդած շրջանից հենված է բացահայտ հայատյացության վրա. հայերը թուրքական պետության, թուրք ազգի իրական ու խորհրդանշական թշնամիներն են, այդպես է ներկայացվում բոլոր մակարդակներում: Թուրքական պաշտոնական հռետորաբանությունը ավանդաբար լի է ատելության խոսքով ուղղված հայերին. դա տեսանելի է ինչպես Թուրքիայի հիմնադիր նախագահ Քեմալ Աթաթյուրքի, այնպես էլ այսօրվա նախագահ Էրդողանի ելույթներում: Թուրքական բանահյուսությունը, երգերը, ասացվածքները, դարձվածները, քաղաքական լոզունգները հարուստ են հայերի հանդեպ ատելութամբ, նսեմացնող ձևակերպումներով:

2. Թուրքիայի ամբողջ կրթական համակարգը տասնամյակներ շարունակ հիմնված է հայատյացության, օբյեկտիվ իրականությունը խեղաթյուրելու սկզբունքների վրա. դասագրքերը, անգամ դասավանդման մեթոդները պարունակում են բացահայտ ատելություն հայության նկատմամբ: Եվ այսօր մենք գործ ունենք Թուրքիայի հասարակության հետ, որը տասնամյակներ շարունակ դաստիարակվել է հենց այդ կրթական միջավայրում, այդ սկզբունքներով:

3. Վստահորեն կարող ենք պնդել, որ այսօրվա Թուրքիայում հասարակության ճնշող մեծամասնությունն ունի ազգայնամոլական, ծայրահեղական տրամադրություններ, կողմնորոշումներ, իսկ թուրքական ազգայնամոլության կարևոր հիմքերից մեկը հայատյացությունն է: Ասվածի լավագույն ապացույցը կարող են լինել վերջին տարիներին խորհրդարանական ընտրությունների արդյունքները․ օրինակ՝ 2018 թ. խորհրդարանական ընտրություններին թուրքական հասարակության, կամ ընտրազանգվածի 86 տոկոսը նախապատվությունը տվել է ազգայնամոլական այս կամ այն ուղղվածության կուսակցություններին: 

Ուստի, փաստենք, որ այսօրվա թուրքական հասարակության մեջ «լավ թուրքերը» կամ այլ մուսուլմանները շատ փոքր և մարգինալ խումբ են կազմում, որոնք հասարակական-քաղաքական զարգացումների, ընտրությունների, քաղաքական դասավորվածությունների վրա էական ազդեցություն չունեն: Բացի այդ, «լավ թուրքերի» մի մասի հայասիրական, խաղաղասիրական մոտեցումները լրջագույն կասկածների տեղիք են տալիս և հաճախ նման են հայասիրության, սակայն  «Թուրքիայի պետական պատվերի շրջանակներում»: Այնպես որ, պետք է գտնել այն նուրբ սահմանը, որը բաժանում է նիհիլիզմը օբյեկտիվ և դառը իրականությունը ճանաչելուց։

Մինչ օրս թուրքական հասարակական հավաքական ընկալման մեջ 20-րդ դարի սկզբի թուրք հայտնի լրագրող և պետական գործիչ Ալի Քեմալը համարվում է դավաճանի ամենախորհրդանշական կերպարը: 1922 թ. այդ ժամանակվա քեմալական պաշտոնյաների հրահանգով փողոցում նա լինչի դատաստանի է ենթարկվում: Սակայն հանրության շրջանում նրա թշնամի, դավաճան լինելը էլ ավելի հաստատուն դարձնելու համար Ալի Քեմալին տալիս են հայկական մականուն` Հարություն/Արթին Քեմալ. այսօր էլ  Թուրքիայում քաղաքական բանավեճերում կիրառվող ամենածանր վիրավորանքներից մեկը Հարություն/Արթին Քեմալ լինելն է: (Ի դեպ, Ալի Քեմալը Մեծ Բրիտանիայի ներկայիս վարչապետ Բորիս Ջոնսոնի մեծ պապն է): Մի դիտարկում էլ անեմ թուրքական երգերի, դրանց հերոսների հետ կապված. տարբեր ոճրագործներ, հայության կոտորողներ թուրքական երգերի, բանահյուսության հերոսներն են: Ավելի ժամանակակից շրջանում երգեր են նվիրված Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի դեմ մահափորձ արած ահաբեկչին, Հրանտ Դինքին սպանած ազգայնամոլին և այլն: Բոլոր երիտթուրքերը պետականորեն հերոսացված են, նրանց անուններով կան փողոցներ, պուրակներ, դպրոցներ. հայ վրիժառուների կողմից նրանց ոչնչացնելու օրերին տեղի են ունենում հիշատակի միջոցառումներ` ծայրահեղ հակահայկական շեշտադրումներով:

Հիմա, այս պարագայում, երբ մեր հարևան երկու երկրներում պաշտոնապես, պետականորեն քարոզվում է հայատյացություն, արդյո՞ք մենք պետք է զբաղվենք չարդարացված խաղաղասիրության քարոզով, Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու մարմաջով, մեր երգերում, բանահյուսության մեջ ատելության խոսք փնտրելով: Սա օգուտ չի տալու, միայն թուլացնելու է մեր հասարակական զգոնությունը, մեր հանրային, պատմական հիշողությունը: Ուստի, հայրենասիրական մեր երգերը իրենց մեջ պարունակելով պատմական, հավաքական հիշողություն` պետք է դուրս լինեն չարդարացված խաղաղասիրության այսրոպեական դիսկուրսից:

Մեր ազգային հավաքական ինքնության և դա ձևավորող բաղադրիչների վրա հարձակումները, մեր զգոնության հետևողական թուլացումը, սակրալ արժեքների վրա քար նետելը ամենաանթույլատրելի քայլերն են: Դրանք փոքր չափաբաժիններով հրամցվում են մեզ և մենք չենք ընդվզում, մենք ադապտացվում ենք դրանց: Որոշակի շրջանակ դա անում է հետևողական կերպով և տարիներ շարունակ, իսկ այն անհատները, ովքեր դրա դեմ ընդվզում են, ներկայացվում են որպես խավարամիտներ, մոլեռանդներ, ծայրահեղական ազգայնամոլներ: Թուրքիայի հանդեպ մեր օբյեկտիվ և արդար պահանջատիրության հարցը, սակայն, միշտ է մտահոգել վերը նշված շրջանակին և ենթադրաբար նրանց նախնիներին, որոնց ժամանակին Գարեգին Նժդեհը դիպուկ և սպառիչ գնահատական է տվել. «Սակայն, միայն արտաքին թշնամին չէ... կայ եւ ներքինը, որ այսօր էլ ոչինչ կը խնայէ զաւեշտի վերածելու մեր ողբերգութիւնը: Այսօր էլ նրան գրգռում է մեր արդար թրքատեցութիւնը, ճիշտ այնպէս, ինչպէս կարմիր լաթը` եզան...»:


Ռուբեն Մելքոնյան
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան