YerevanToday-ը գրում է, որ քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ նոր կորոնավիրուսի վարակը հասել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոն: Վարակակիրը տևական բուժում ստացող հիվանդներից մեկն է, վերջին երեք օրը նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք, ու միայն այսօր է պարզվել, որ ծանր վիճակում գտնվող հիվանդը այս ամբողջ ընթացքում անուղղակիորեն դարձել է բուժկենտրոնում վարակի օջախ: Դեպքի բացահայտումից հետո հիվանդանոցի ղեկավարությունը հրատապ կերպով բաժանմունքներում ժողով է հրավիրել։
Միակ տեղեկատվությունն այն է, որ տագնապ կա բուժկենտրոնում, հիվանդները գիտակցում են, որ վտանգված է իրենցից յուրաքանչյուրի կյանքը, ուռուցքային հիվանդություններով մարդիկ ամենից թույլ իմունիտետը ունեն, իսկ բուժանձնակազմում խուճապ է։
Մասնագետներն ընդվզել են, ոմանք հրաժարվել են վաղվանից գալ աշխատանքի, մի քանիսն էլ բողոքել են թե ինչու պիտի Առողջապահության նախարարությունը գոնե մեկ-երկու անգամ չթեստավորեր ուռուցքաբանականի բուժանձնակազմին, չէ՞ որ ամենաթույլ իմունիտետ ունեցող հիվանդների հետ են առնչվում, իսկ «Աստղիկ» ԲԿ-ում Սամվել Ալեքսանյանն իր հաշվին երեք օրը մեկ թեստավորում է ԲԿ-ի ահռելի աշխատակազմին:
Քիմիաթերապիայի բաժանմունքի բժիշկներն էլ դժգոհել են, որ իրենց ապահովագրված չեն զգում, սանիտարների մի մասը, ըստ աղբյուրի, հրաժարվում է աշխատել, հայտարարել են, որ պատրաստ չեն կոպեկների դիմաց ամեն օր վարակի օջախ մտնել ու վտանգել իրենց ընտանիքների առողջությունը:
Այս ամբողջ տեղեկատվությունը պաշտոնապես հերքող կողմ չգտնվեց, Ուռուցքաբանական կենտրոնի մամուլի պատասխանատու Անահիտ Սարգսյանը YerevanToday-ի հետ զրույցում խուսափել է մեկնաբանություն տալ, փոխարենը առաջարկել դիմել Առողջապահության նախարարություն, իսկ նախարարության լրատվական ծառայությունից չհերքելով տեղեկատվությունը՝ վերացական պատասխան հնչեցրին. «Բազմաթիվ հիվանդանոցներում լինում են կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքեր, որին հաջորդում է հակահամաճարակաբանական գործողությունները՝ մեկուսացում, բուժում և այլն: Ինչ վերաբերում է բուժհիմնարկներին, ապա վերջիններիս կազմակերպում են իրենց բնականոն աշխատանքը»: