Հայոց ցեղասպանության զոհերը․ Ասատուր Հայթայան, Միհրան Իսպիրյան, Աղաճան Տեր Պետրոսյան, Խոսրով Տատյան, Գասպար Աղա Կլուլպենկյան
Ասատուր Հայթայան, ծնվել է Դատեմ գյուղում (Արևմտյան Հայաստան, Խարբերդի նահանգ): Եղել է գյուղի առաջադեմ հասարակական գործիչներից մեկը: 1915 թ. ձերբակալվել է և չարչարանքների ենթարկվելով՝ սպանվել թուրքերի կողմից: Հայոց ցեղասպանության զոհ:
Միհրան Իսպիրյան, ծնվել է 1873 թվականին Սեբաստիայում: 1892 թվականին Կենտրոնական վարժարանում եղել է հայերեն լեզվի ուսուցիչ: Երկար տարիներ զբաղեցրել է տեսուչ-դասախոսի պաշտոնը Սեբաստիայի վարժարանում և Ազգային որբանոցում: 1915 թվականի հուլիսի 2-ին բանտարկվել է և դաժանորեն սպանվել: Հայոց ցեղասպանության զոհ:
Աղաճան Տեր Պետրոսյան, 1908-1915թթ. զբաղեցրել է Ուրֆայի քաղաքապետական խորհրդի անդամի պաշտոնը, եղել է նաև Ուրֆայի պետական դատարանի անդամ: Տարագրվել և նահատակվել է թուրքական իշխանության հրահանգով 1915թ.: Հայոց ցեղասպանության զոհ:
Խոսրով Տատյան, 1908-1915 թթ. զբաղեցրել է Ուրֆայի կառավարչատան գանձապահի պաշտոնը: Նահատակվել է թուրքական իշխանության հրահանգով 1915թ.: Հայոց ցեղասպանության զոհ:
Գասպար Աղա Կլուլպենկյան, ծնվել է 1835 թվականին Թալասում: Ունեցել է խոշոր ագարակ Սեբաստիայի շրջանում: 1915 թվականի տեղահանությունների և կոտորածների ժամանակ բազմաթիվ թալասցիների հետ զոհվում է նաև Գասպար Աղա Կլուլպենկյանը: Հայոց ցեղասպանության զոհ: