կարևոր
618 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-24 10:20

Հայոց ցեղասպանության զոհերը․ Արամ Վարժապետ, Սամուել Քենտիկյան,Պետրոս Չոլաքյան, Արտեշես Վարժապետյան, Վարդան Վարդապետ

Հայոց ցեղասպանության զոհերը․ Արամ Վարժապետ, Սամուել Քենտիկյան,Պետրոս Չոլաքյան, Արտեշես Վարժապետյան, Վարդան Վարդապետ
Արամ Վարժապետ, եղել է Մաշկերտ գյուղի (Արևմտյան Հայաստան, Խարբերդի նահանգ) Ազգային վարժարանի ուսուցիչ: Կացնահարվել է 1915 թ. թուրքերի կողմից: Հայոց ցեղասպանության զոհ:
Սամուել Քենտիկյան, ծնվել է 1867 թ. Արաբկիրում (Արևմտյան Հայաստան, Խարբերդի նահանգ): Այնթապի Կենտրոնական թուրքական քոլեջում սովորելուց հետո վերադարձել է ծծնդավայր և մեկ տարի զբաղվել է ուսուցչությամբ: Իբրև քարոզիչ պաշտոնավարել է Ռոդոսթոյում: Իզմիրի Ամերիկյան վարժարանում եղել է ուսուցիչ: 1915 թ. աքսորվել և մահացել է Կոնիայի բանտում: Ունեցել է մեկ տղա և չորս աղջիկ: Հայոց ցեղասպանության զոհ:
Պետրոս Չոլաքյան, ծնվել է 1883 թ. Հաճնում (Ադանայի նահանգ): Եղել է ոչ միայն Հաճնի, այլև ամբողջ Կիլիկիայի առաջադեմ մտավորականներից: Եղել է ուսուցիչ, երաժիշտ և դպրապետ: 1913 թ. Կիլիկիայի Սահակ կաթողիկոսի հրավերով մեկնել է Սիս՝ դպրապետ և ուսուցիչ աշխատելու համար: 1915 թ. Չոլաքյանը աքսորվել է Տեր Զոր և դաժանորեն սպանվել: Հայոց ցեղասպանության զոհ:
Արտեշես Վարժապետյան, Դատեմ գյուղի (Արևմտյան Հայաստան, Խարբերդի նահանգ) ուսյալ գործիչներից: 1913-1914 թ. դասավանդել է տեղի դպրոցում: 1915 թ. սպանվել է թուրքերի կողմից: Հայոց ցեղասպանության զոհ:
Վարդան Վարդապետ, Սասունի Ահարոնք գյուղից: 1890թ. ձեռնադրվել է կրոնավոր, զբաղեցրել է այլ պաշտոններ: Երկար տարիներ եղել է Ս. Կարապետի վանահայր: 1915թ. թուրքերի կողմից ողջ-ողջ այրվել է: Հայոց ցեղասպանության զոհ: