կարևոր
1498 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-24 08:41

Հայոց ցեղասպանության զոհերը․Արաքսյա Ճեպեճյան, Խոսրով Քյուրքչյան, Հովհաննես Գազանճյան, Գրիգոր Պարսամյան,

 Հայոց ցեղասպանության զոհերը․Արաքսյա Ճեպեճյան, Խոսրով Քյուրքչյան, Հովհաննես Գազանճյան, Գրիգոր Պարսամյան,
Արաքսյա Ճեպեճյան, ծնվել է 1880 թ. Այնթապ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ): Սովորել է տեղի Հայկանուշյան վարժարանում: Այն ավարտելուց հետո ուսումը շարունակել է նախ Այնթապի, ապա Մարաշի Ամերիկյան իգական քոլեջներում: Որպես ուսուցիչ պաշտոնավարել է Մարաշի քոլեջում և Այնթապի Կրթասիրաց վարժարանում: 1912 թ. մեկնել է Անգլիա և հաճախել Վուդբրուքի Աստվածաբանական քոլեջի դասընթացներին: 1914 թ. վերադարձել է Այնթապ: 1915 ընտանիքի հետ միասին ենթարկվել է բռնագաղթի: Հասնելով Դեր Զոր` օգնություն է ցուցաբերել հայ գաղթականներին: Սակայն երբ այնտեղի կուսակալ է նշանակվել հայատյաց Զեքի բեյը, սկսվել է Դեր Զոր հասած հայերի բեկորների բնաջնջումը: Արաքսյա Ճեպեճյանը սպանվել է 1916 թ. անձամբ Զեքի բեյի ձեռքով: Հայոց ցեղասպանության զոհ:

 
Խոսրով Քյուրքչյան, Խարբերդում հայտնի մետաքսագործ Գրիգոր Քյուրքչյանի որդին: Նախնական ուսումը ստացել է Խարբերդում, այնուհետև՝ 1883 թ., մեկնել է Լիոն և մեկ տարի ուսումնասիրել մետաքսագործություն: 1884 թ. անհրաժեշտ մեքենաներ գնելով՝ վերադարձել է Խարբերդ: Վերազինել է հոր գործարանը և ստանձնել գործարանի տնօրինությունը: 1895 թ. գործարանը ավերվել է թուրք հրոսակների ձեռքով: Ընտանիքին վերահաս վտանգից փրկելու համար առերևույթ ընդունել է իսլամ: Նրան հաջողվել է կնոջը և երկու տղաներին ուղարկել Ամերիկա: Հասկանալով, որ նա իսլամ է ընդունել ժամանակ շահելու համար, թուրքերը դաժան հաշվեհարդար են տեսել նրա հետ: Կացնահարվել է թուրքերի կողմից: Հայոց ցեղասպանության զոհ:

 
Հովհաննես Գազանճյան, ծնվել է 1870 թ. Եվդոկիայում (Թոքատ) (Արևմտյան Հայաստան, Սեբաստիայի նահանգ): 1883-1885 թթ. իր մի քանի ընկերների հետ միասին հրատարակել է «Երախայրիք» ձեռագիր շաբաթաթերթը: 19 տարեկանում մեկնել է Կոստանդնուպոլիս իրավաբանական վարժարան ընդունվելու համար: Աշխատակցել է «Արևելք», Իզմիրի «Արևելյան Մամուլ», Վիեննայի «Հանդես ամսօրյա» թերթերին: 1899 թ. հրատարակել է «Եվդոկիո հայոց գավառաբարբառ» աշխատությունը, որի համար 1901 թ. արժանացել է Իզմիրյան մրցանակի: 1908-1910 թթ. հրատարակել է «Արդի Հայերեն լեզվի քերականություն» եռահատոր դասագիրքը: Եղել է Թոքատի գավառական ժողովի ատենապետ, ուսումնական խորհրդի անդամ: 1915 թ. մայիսին ձերբակալվել է, հունիսին՝ դաժանաբար սպանվել: Հայոց ցեղասպանության զոհ:

 
Գրիգոր Պարսամյան, ծնվել է Ակնի Ապուչեխ գյուղում (Արևմտյան Հայաստան, Խարբերդի նահանգ): Եղբոր՝ Ասատուր Պարսամյանի հետ տեղափոխվել է Կոստանդնուպոլիս: Զբաղվել է առևտրով: Ունեցել է երկու որդի և մեկ դուստր: Սպանվել է 1915 թ.: Հայոց ցեղասպանության զոհ: