Լուսանկարում իր ընտանիքի բոլոր անդամներին կորցրած վանեցի հայ կին է` Մայր Աթոռի մերձակա անտառում: Զոհերի մարմինները սպիտակ սավաններով փաթաթվում էին՝ տիֆի համաճարակի հետագա տարածումը կանխելու համար:
Լուսանկարը վերնագրվել է «Despair», այսինքն՝ «Հուսահատություն». մայրը շրջապատված է իր 5 զավակների՝ սավանով փաթաթված դիակներով: Սա Հայոց ցեղասպանությանը շատ բնորոշ տեսարաններից է: Արտասահմանյան առաքելությունների, որբախնամ և հիվանդախնամ կազմակերպությունների ներկայացուցիչների օրագրություններն ու փաստաթղթային նյութերը նույնպես այդ մասին են վկայում:
1915 թվականին Վանի և նրա հարակից հայկական գյուղերի տասնյակհազարավոր հայ բնակիչներ, որ հրաշքով փրկվել էին արյունալի կոտորածներից, ռուսական նահանջող զորքի հետ շարժվեցին դեպի Արևելյան Հայաստան: Գաղթականների քարավանը ճանապարհին քրդական ռազմատենչ ցեղերի կողմից պարբերաբար ենթարկվում էր հարձակումների՝ մեծաթիվ զոհեր տալով: Հաստատվելով Ռուսական կայսրության Երևանի նահանգում՝ գաղթականների մեծ մասը կուտակվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և նրա հարակից հատվածներում: Ամառվա տապին գաղթականների շրջանում սկիզբ առավ մալարիայի և տիֆի համաճարակ, ինչը հազարավոր կյանքեր խլեց:
«... ես, իհարկե, ասացի, որ հայ տղամարդկանց և կանանց հետ կատարված այդ սադիստական գինարբուքների սարսռալի մանրամասնությունների ամբողջական պատումը երբևէ չի կարող տպագրվել ամերիկյան մամուլում: Ցանկացած կարգի հանցագործություն, որ ամենաաղտոտ բնազդներ ունեցող մարդկային միտքը կարող է մշակել, ցանկացած հալածանքի ու անարդարության նոր ձևեր, որ կարող է պատկերացնել ամենաստոր երևակայությունը, դարձան այս նվիրյալ ազգի ամենօրյա դժբախտությունները: Ես վստահ եմ, որ ողջ մարդկության պատմությունը չի պարունակում նման սարսափելի դրվագներ, ինչպիսին սրանք են: Անցյալի մեծ կոտորածներն ու հետապնդումները գրեթե աննշան են թվում, երբ համեմատվում են հայերի 1915 թվականի տառապանքների հետ»:
Հենրի Մորգենթաու
ԱՄՆ դեսպանը Օսմանյան կայսրությունում
(1913-1916 թթ.)
Լուսանկարի աղբյուրը` Red Cross Magazine, March, 1918.
«100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒՅԹՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» գրքից