կարևոր
1802 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-24 01:05

«Lուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին»․ Հայ նահատակների աճյունները Դեր Զորում

«Lուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին»․ Հայ նահատակների աճյունները Դեր Զորում


Լուսանկարում ներկայացված է Հայոց ցեղասպանության նահատակների մասունքների դուրսբերումը Դեր Զորի անապատում գտնվող հայերի հավաքական գերեզմանոցից: Փոսում կանգնած է Հարություն Հովակիմյանը, կողքին (ձախից)` պանդոկապետ Մուրադ Գլճյանը:
Հետին պլանում Դեր Զորի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու ժամկոչն է և անհայտ մի բանվոր:

Լուսանկարն արվել է 1938 թվականին լուսանկարիչ Օնիկի (ազգանունն անհայտ է) կողմից:

1938 թ. օգոստոս 15-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Սահակ Բ Խապայանի, Կոստանդնուպոլսի նախկին պատրիարք Զավեն արք. Տեր-Եղիայանի, Երուսաղեմի պատրիարք Մեսրոպ արք. Նշանյանի և Կիլիկիո կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ Պետրոս արք. Սարաճյանի մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ժամանակ որոշվեց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կառուցել Անթիլիասի կաթողիկոսարանի տարածքում և այնտեղ ամփոփել Մեծ եղեռնի զոհերի աճյունները:

Աճյունները հավաքելու պարտականությունը վստահվեց հաճնեցի Հարություն Հովակիմյանին, ով, 1927-1935 թվականներին որբահավաք աշխատանքներ իրականացնելով սիրիական անապատներում, քաջածանոթ էր այդ տեղանքին: Նա տիկին Սաթենիկ Հայկյանի ընկերակցությամբ ուղևորվում է դեպի Դեր Զորի այն հատվածը, որտեղ 1915-ին թուրք գավառապետ Զեքի փաշայի հրամանով սպանվել էին Զեյթունի հոգևոր առաջնորդ Հովհաննես Ծ. Վարդապետ Գառանֆիլյանը, Քիլիսի երևելի մարդկանցից Թորոս Չաղլասյանը, Այնթապի գերմանական դրամատան տնօրեն Լևոն Սահակյանը և ուրիշներ:

Հ. Հովակիմյանը Դեր Զորում բնակվող պանդոկապետ Մուրատ Գլճյանի, Դեր Զորի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու ժամկոչի և մի բանվորի օգնությամբ փոսից հանում է նահատակների աճյունների մի մասը, ապա նույն խմբով հավաքում են Դեր Զորի կամրջի մոտ նահատակված հազարավոր հայ մանուկների աճյունների մի մասը:

Հարություն Հովակիմյանը զանգվածային կոտորածների այլ վայրերից` Շեդդադեից և Մարգադեից հավաքում է անթաղ նահատակների մասունքների մի մասը և բոլորը միասին, երեք արկղով, տեղափոխում Անթիլիաս` հանձնելով Կիլիկիո կաթողիկոսությանը:
Մասունքները հետագայում ամփոփվեցին Դեր Զորի Սրբոց նահատակաց եկեղեցում:


Լուսանկարի աղբյուրը` Հայաստանի ազգային արխիվի հավաքածու