կարևոր
5095 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-24 00:08

«Lուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին»․ ԱՆԱՊԱՏԻՑ ՀԱՎԱՔՎԱԾ ՀԱՅ ՈՐԲԵՐ

«Lուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին»․ ԱՆԱՊԱՏԻՑ ՀԱՎԱՔՎԱԾ ՀԱՅ ՈՐԲԵՐ

Լուսանկարում 1918 թվականին անապատներից հավաքված և Երուսաղեմ տարված հայ որբեր են: Ցնցոտիավոր, բոկոտն և ճաղատ գլուխներով այս տղա երեխաները տարբեր տարիքային խմբերի են: Նրանց մեծ մասը հայերեն չէր խոսում և կորցրել էր իր ազգային ինքնությունը: Որոշ ժամանակ պահանջվեց նրանց վերստին դեպի հայություն դարձի բերելու համար:

1915-1923 թվականներին Հայոց ցեղասպանության հետևանքով հազարավոր հայ երեխաներ որբացան և դավանափոխ եղան: Որբերից շատերը մահացան քաղցից և այդ տարիներին մոլեգնող տարբեր համաճարակներից:

1918 թ. աշնանը՝ Առաջին աշխարհամարտի ավարտից հետո, հայ որբերին անխուսափելի կորստից փրկելու համար գործուն աշխատանքներ իրականացրին հայկական միությունները, հայոց եկեղեցին, անհատները, հատկապես Հայկական լեգեոնի և հայկական կամավորական գնդերի զինվորականները, օտարերկրյա նպաստամատույց կազմակերպությունները (Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե, Լոնդոնի քաղաքագլխի հիմնադրամ, Դանիացի տիկնանց միություն, ռուսական «Կարմիր խաչ», Ռուսաստանի քաղաքների միություն և այլն), ինչպես նաև միջազգային կազմակերպությունները («Կարմիր խաչ», Ազգերի լիգա):

Հայ որբերին հավաքագրում էին Օսմանյան կայսրության տարբեր հատվածներից, սիրիական անապատներից, ազատագրում մուսուլմանական ընտանիքներից և թուրքական պետական որբանոցներից:

Որբահավաք աշխատանքների շնորհիվ 1918-21 թվականներին հավաքագրվեցին ավելի քան 77.000 հայ երեխաներ, որոնք տեղաբաշխվեցին Թուրքիայի, Կովկասի, Մերձավոր Արևելքի հայկական և օտարերկրյա նպաստամատույց կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական որբանոցներում:


«Հազարաւոր հայ մանուկներ գաւառներու մէջ թուրքերու տուները ցրուած էին, մեծ մասամբ իբրև ծառայ, քիչեր` որդեգիր և չափահաս աղջիկներ իբր կին: Զինադադարէն անմիջապէս ետքը այս որբերը որքան կարելի է հաւաքել եւ ազգին դարձնել առաջին պարտականութիւններէս մէկը նկատեցի, ո´չ միայն իբր Պատրիարք, այլ իբր հայ անհատ»:

Զավեն Եղիայան
Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք


Լուսանկարի աղբյուրը՝ Նուբարյան գրադարանի հավաքածու, Փարիզ
«100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒՅԹՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» գրքից