կարևոր
645 դիտում, 11 ամիս առաջ --> 2020-04-23 19:07

Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի տնօրենի ընտրության մրցույթում եղել են թերություններ․ հայտարարվել է նորը

Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի տնօրենի ընտրության մրցույթում եղել են թերություններ․ հայտարարվել է նորը

Նիկոլ Աղբալյանի թիվ 19 հիմնական դպրոցի տնօրենի ընտրության մրցույթում արձանագրվել են թերություններ․ հայտարարվել է նոր մրցույթ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

«Դպրոցներում տնօրենի ընտրության կարգը մշտապես անց է կացվում բաց և թափանցիկ։ Նիկոլ Աղբալյանի թիվ 19 դպրոցի տնօրենի մրցույթն անց է կացվել մի քանի լրատվամիջոցի ուղիղ եթերում և ընտրության բուն գործընթացի մասին ես և քաղաքապետը չենք զրուցել։ Թերություններ եղել են մրցույթի հայտարարման կանոնների հետ կապված։ Այսինքն՝ մրցույթի կարգը հայտարարվել է ոչ պատշաճ, մրցույթի հայտարարությունում եղել են թերություններ։ Քննարկելով իրավաբանների հետ, մենք եկել ենք այն եզրակացության, որ տվյալ կարգով հայտարարությունը սահմանափակել է այլոց իրավունքները և մրցույթը պետք է հայտարարվի այլ ձևաչափով։ Քաղաքապետը չեղարկել է հանձնաժողովի որոշումը և հայտարարվել է նոր մրցույթ»,- նշեց Վիրաբյանը։

Նրա խոսքով՝ եթե տնօրենի թեկնածուն կարծում է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում, ապա ինքը դատական կարգով կարող է վիճարկել քաղաքապետի որոշումը։

Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը տեղի է ունեցել 2020 թվականի մարտի 6-ին։ Տնօրեն էր ընտրվել դպրոցի նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանը։ Դպրոցի տնօրենի թափուր հաստիքի թեկնածուներն էին Լիանա Աշրաֆյանը, Անժելա Կարապետյանը, Տաթևիկ Մարաբյանը, Անուշ Մարտիրոսյանը, Արմինե Մարտիրոսյանը։ Կառավարման խորհրդի 6 անդամներից 1-ը քվեարկել էր Անուշ Մարտիրոսյանի, 5-ը՝ Լիանա Աշրաֆյանի օգտին։ Մրցույթի արդյունքները չեղյալ են ճանաչվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ապրիլի 16-ի որոշմամբ։