27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Նիկոլ Աղբալյանի թիվ 19 հիմնական դպրոցի տնօրենի ընտրության մրցույթում արձանագրվել են թերություններ․ հայտարարվել է նոր մրցույթ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։
«Դպրոցներում տնօրենի ընտրության կարգը մշտապես անց է կացվում բաց և թափանցիկ։ Նիկոլ Աղբալյանի թիվ 19 դպրոցի տնօրենի մրցույթն անց է կացվել մի քանի լրատվամիջոցի ուղիղ եթերում և ընտրության բուն գործընթացի մասին ես և քաղաքապետը չենք զրուցել։ Թերություններ եղել են մրցույթի հայտարարման կանոնների հետ կապված։ Այսինքն՝ մրցույթի կարգը հայտարարվել է ոչ պատշաճ, մրցույթի հայտարարությունում եղել են թերություններ։ Քննարկելով իրավաբանների հետ, մենք եկել ենք այն եզրակացության, որ տվյալ կարգով հայտարարությունը սահմանափակել է այլոց իրավունքները և մրցույթը պետք է հայտարարվի այլ ձևաչափով։ Քաղաքապետը չեղարկել է հանձնաժողովի որոշումը և հայտարարվել է նոր մրցույթ»,- նշեց Վիրաբյանը։
Նրա խոսքով՝ եթե տնօրենի թեկնածուն կարծում է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում, ապա ինքը դատական կարգով կարող է վիճարկել քաղաքապետի որոշումը։
Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը տեղի է ունեցել 2020 թվականի մարտի 6-ին։ Տնօրեն էր ընտրվել դպրոցի նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանը։ Դպրոցի տնօրենի թափուր հաստիքի թեկնածուներն էին Լիանա Աշրաֆյանը, Անժելա Կարապետյանը, Տաթևիկ Մարաբյանը, Անուշ Մարտիրոսյանը, Արմինե Մարտիրոսյանը։ Կառավարման խորհրդի 6 անդամներից 1-ը քվեարկել էր Անուշ Մարտիրոսյանի, 5-ը՝ Լիանա Աշրաֆյանի օգտին։ Մրցույթի արդյունքները չեղյալ են ճանաչվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ապրիլի 16-ի որոշմամբ։