կարևոր
1947 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-23 18:35

Այս ողբերգությունը չի մոռացվել․ լիտվացի պատգամավորի ուղերձը Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Այս ողբերգությունը չի մոռացվել․ լիտվացի պատգամավորի ուղերձը Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Լիտվայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների խմբի (բարեկամության խմբի) ղեկավար Գուոդա Բուրոկիենեն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանատնից։

«Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին, արդեն ավելի քան հարյուր տարի շարունակ, ողջ աշխարհի հայությունը և ամբողջ առաջադեմ հասարակությունը ոգեկոչում են տխուր մի օր՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը։ 1915-1916թթ․ մոտ 1,5 մլն հայեր զանգվածային կոտորածների և տեղահանությունների զոհը դարձան։ Դա 20-րդ դարի ամենամեծ զանգվածային վայրագություններից էր, որն անթիվ կորուստներ պատճառեց ողջ հայ ազգին։ Այս ողբերգությունն, այնուամենայնիվ, չի մոռացվել։

Լիտվան, շատ այլ երկրների պես, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Մարդկությունը պետք է տեղեկացված լինի այս ողբերգության մասին, որպեսզի թույլ չտա նման պատմության կրկնությունը։ Հայերը, ովքեր այս ողբերգության պատճառով սփռվեցին ողջ աշխարհով մեկ, կառուցում են ակտիվ համայնքներ, որոնք ամուր կապեր են հաստատում և վառ պահում իրենց պատմությունը։

Համավարակի դեմ գլոբալ պայքարի և սոցիալական մեկուսացման այս դժվարին պայմաններում մենք պետք է պահպանենք միություն, ցուցաբերենք միջազգային համերաշխություն և վառ պահենք մեր պատմական հիշողությունը։ Օգտվելով առիթից՝ իմ սիրելի ընկերներ, հղում եմ ամուր առողջության, հույսի և համբերության իմ մաղթանքները»,- նշված է ուղերձում։