կարևոր
1699 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-23 22:46

«Lուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին». ՏԻՖԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԶՈՀ ԴԱՐՁԱԾ ՀԱՅ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԸ

«Lուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին». ՏԻՖԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԶՈՀ ԴԱՐՁԱԾ ՀԱՅ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԸ


Լուսանկարում տիֆից և տարաբնույթ այլ հիվանդություններից մեռած վանեցի բռնագաղթյալների դիակներն են Մայր Աթոռի մերձակա անտառում: Լուսանկարն արվել է 1915 թ. ամռանը: Գաղթականների կուտակումներ ամառային կիզիչ արևի տակ, սննդի պակաս և մոլեգնող համաճարակ... Հայերի հարյուրավոր դիակներ հողին հանձնվեցին Մայր Աթոռի հարակից տարածքներում, որտեղ մինչ օրս ի հայտ են գալիս զանգվածային թաղումների վկայություններ:



Թուրքական բռնությունների պատճառով գաղթական արևմտահայերի առաջին խմբերը Արևելյան Հայաստանում հայտնվեցին 1915 թ. գարնանը: Սակայն դրանք սակավամարդ խմբեր էին, որոնց հաջողվել էր լեռնային ճանապարհներով, խուսափելով քրդական հրոսակախմբերի հարձակումներից, անցնել ռազմաճակատի գիծը: Հետագայում, հատկապես Վանի առաջին նահանջից հետո, ռուսական զորքերի հետ ճարահատյալ Արևելյան Հայաստան գաղթեցին տասնյակհազարավոր արևմտահայեր, որոնց համար տեղերում կենսական պայմաններ էին ապահովում բարեգործական կազմակերպությունները: Չնայած դրան՝ հյուծված և հոգեկան ցնցում ապրած գաղթական զանգվածների շրջանում պարբերաբար համաճարակներ էին բռնկվում՝ խլելով հազարավոր կյանքեր:

«...Մտանք Սուրբ Էջմիածնի վանքի բակը: Վանքի պատերի տակին կողք կողքի պառկած ու նստոտած էին գաղթականնե˜ր, գաղթականնե˜ր... Ամենու˜ր լաց ու հառաչանք, ցավից տնքացող հիվանդներ, անապաստան, կիսամերկ, քաղցած ու անլվա մանուկներ և կմախքացած դալուկ դեմքեր...

Ասում էին, որ Էջմիածնում խոլերայի համաճարակ է սկսվել. թե ինչ բան էր այդ խոլերայի համաճարակը, չհասկացա, բայց հասկացա, որ երեկոյան 32 երեխաներով քնեցինք, առավոտյան 18 հոգով արթնացանք.14 հոգի մեզ «մնաս բարով» էր ասել և հավիտենական խոր քուն մտել»:


Մարո Ալազան
Հայոց ցեղասպանությունը վերապրած


Լուսանկարի աղբյուրը` Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածու