կարևոր
1330 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-23 18:25

Քաղաքապետարանը և գործադիրը քննարկում են մանկապարտեզների ոչ հաստիքային աշխատողներին օժանդակելու հարցը

Քաղաքապետարանը և գործադիրը քննարկում են մանկապարտեզների ոչ հաստիքային աշխատողներին օժանդակելու հարցը

Երևանի քաղաքապետարանը կառավարության հետ քննարկում է իր ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների հաստիքային աշխատողներին օժանդակելու հարցը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

«Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներում պայմանագրային հիմունքներով աշխատող աշխատակիցների հարցը քննարկվել է բազմիցս: Այն աշխատակիցները, որոնք մեր ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներում ծառայության մատուցման պայմանագրեր են կնքել, ցավոք սրտի, չեն կարողացել Երևանի քաղաքապետարանի բյուջեով ֆինանսական միջոցներ ստանալ որպես աշխատավարձ, որովհետև հաստիքացուցակներում և ընդհանուր Երևանի բյուջեում իրենց ներկայությունը չկա»,- նշել է Վիրաբյանը։

Նրա խոսքով՝ կառավարության հետ քննարկում են հարցը և արդեն իսկ փոխանցել են բոլոր աշխատակիցների անուն-ազգանունները գործադիրին։ Վիրաբյանը հայտնեց, որ պետք է հասկանան, թե ինչ միջոցներով և ինչ ձևաչափով հնարավոր կլինի այդ աշխատակիցներին օժանդակություն ցուցաբերել կամ աշխատավարձը վճարել:

«Հարցը կառավարության և Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է, և հավանաբար մոտ օրերս կգտնենք լուծում»,-ասել է Տիգրան Վիրաբյանը: