կարևոր
1630 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-23 17:44

ՊԵԿ-ը ձեռնպահ է մնում բանկային և ապահովագրական գաղտնիքի ստացման նախագծերի հետագա քննարկումից

ՊԵԿ-ը ձեռնպահ է մնում բանկային և ապահովագրական գաղտնիքի ստացման նախագծերի հետագա քննարկումից

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ներկայացրել է դիրքորոշումը բանկային և ապահովագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման վերաբերյալ։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հայտարարությունը․

«Պետական եկամուտների կոմիտեն, իր հսկողական գործառույթների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակում բանկային  և ապահովագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման ու տրամադրման, ինչպես նաև համալիր հարկային ստուգումների արդյունավետ և ամբողջական իրականացման նկատառումներից ելնելով, նախաձեռնել և հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ բանկային գաղտնիքի մասին օրենքում» փոփոխություն կատարելու մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթը:

Խնդիրն այն է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հանդիսանալով օրենքով սահմանված գաղտնիքի պահպանման համար պատասխանատու կառույց, արհեստական խոչընդոտների պատճառով երբեմն զրկված է լինում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման հնարավորությունից։

Հաշվի առնելով ներկայացված նախագծերի վերաբերյալ հանրային արձագանքը, և նկատի ունենալով, որ խնդրի կարգավորմանը հնարավոր է հասնել նշված տեղեկությունների ստացման համար դատավարական այլ ընթացակարգեր սահմանելու միջոցով` ՊԵԿ-ն այս փուլում ձեռնպահ է մնում ներկայացված նախագծերի քննարկման հետագա ընթացքից»։