կարևոր
2098 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-23 17:19

Կապի օպերատորները սահմանել են ապրիլի 24-ի խորհրդին հեռակա մասնակցելու SMS-ի արժեքը

Կապի օպերատորները սահմանել են ապրիլի 24-ի խորհրդին հեռակա մասնակցելու SMS-ի արժեքը

Ապրիլի 24-ին Հայաստանում և սփյուռքում ապրող հայերը հնարավորություն կունենան ուղարկել SMS-հաղորդագրություններ՝ իրենց անուններն արտացոլելով Ծիծեռնակաբերդի սյուների վրա․ հաղորդագրությունները կարժենան 1 դրամ։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

«Կորոնավիրուսի համաճարակի օրերին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքի փակ լինելու հանգամանքով պայմանավորված՝ հազարավոր քաղաքացիների անուններն այդ օրը լուսապատկերների միջոցով կցուցադրվեն Ծիծեռնակաբերդի սյուներին։ Առավոտյան 08։00-ից սկսած, քաղաքացիները Հայաստանից կարող են հաղորդագրություններ ուղարկել 1915 կարճ համարին և 0037433191500 հեռախոսահամարին արտասահմանից՝ իրենց անվամբ՝ հաստատելու հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները նույն օրը երեկոյան կարտացոլվեն հուշահամալիրի սյուների վրա»,- ասաց Վիրաբյանը և հավելեց, որ այդպիսով մարդիկ կապահովեն իրենց խորհրդանշական մասնակցությունը։

Երևանի քաղաքապետարանը պայմանավորվածություն է ձեռք բերել բջջային կապի օպերատորների հետ, որպեսզի հաղորդագրություններն արժենան 1 դրամ։ Վիրաբյանը վստահ է, որ այդ օրը իրենք կստանան հարյուր հազարավոր քաղաքացիների «մասնակցության» հաղորդագրություններ։ Երևանի փոխքաղաքապետն ընդգծեց, որ յուրաքանչյուր հեռախոսահամարից հնարավոր է ուղարկել 5 անուն, ազգանուն և ցանկալի է, որպեսզի դրանք լինեն հայատառ։