կարևոր
2333 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-23 17:02

Արա Խզմալյանը հանրությանը հորդորում է մասնակցել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումներին

Արա Խզմալյանը հանրությանը հորդորում է մասնակցել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումներին

Չնայած Հայաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով տիրող սահմանափակումներին՝ ապրիլի 23-24-ին կանցկացվեն Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված խորհրդանշական միջոցառումներ: Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ կրության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար ամենազգայուն իրադարձությունն է, այդ իսկ պատճառով մեծ պատասխանատվություն էր անհրաժեշտ, որ մենք կարողանանք  գործող սահմանափակումների համատեքստում փարատել մեր ֆիզիկական բացակայությունը Ծիծեռնակաբերդում: Մենք ջանք ու եռանդ չենք խնայել՝ միջոցառումները կազմակերպելով այնպիսի տրամաբանությամբ, որ ամբողջ հայությունը կարողանա իր խորհրդանշական  ներկայությունն ապրիլի 24-ին ապահովել Ծիծեռնակաբերդում»,-նշել է փոխնախարարը:

Խզմալյանը հիշեցրեց, որ ապրիլի 23-ին՝ ժամը 21:00-ին, մեկնարկում են միջոցառումները: Ժամը 21:00-ին Հայաստանի բոլոր եկեղեցիների զանգերի ղողանջի ներքո  կմարեն Երևանի, մարզերի, մարզկենտրոնների  լույսերը: «Հորդորում ենք նաև քաղաքացիներին մարելու բնակարանների լույսերը և, որպես միասնության խորհրդանիշ, բջջային հեռախոսների լույսերի ներքո պատուհաններից, պատշգամբներից հաստատել իրենց խորհրդանշական ներկայությունը Ծիծեռնակաբերդում»,-ասել է Խզմալյանը:

Փոխնախարարն ասել է, որ հարգանքի այդ արարողությունն անվանել են «Լուսավառ ոգեկոչման պահ»: Նա տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում կմեկնարկեն պաշտոնական այցելությունները, իսկ երեկոյան՝ 22:00-ից մինչև լուսաբաց,  կիրականացվի գեղարվեստական ծրագիր, որով ստեղծագործական հանրությունը ամբողջ ժողովրդի անունից իր հարգանքի տուրքը կմատուցի զոհերի հիշատակին  երաժշտական կատարումների, երգեցողության միջոցով: