28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Հայաստանը շարունակում է դասակարգվել ցածր արտաքին պարտքի բեռ ունեցող երկրների շարքին, սակայն ստեղծված իրավիճակի պայմաններում պարտքի ավելացումն անխուսափելի է: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:
«Առաջարկված սցենարով 324 մլրդ դրամի պակասուրդ է ենթադրվում: Այդ 324 մլրդ դրամի պակասուրդի ֆինանսավորման համար մենք դիտարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները՝ ներառյալ վարկային միջոցների ներգրավում միջազգային ֆինանսական կազմակերպություններից՝ Արժույթի միջազգային հիմնադրամի մեր գործընկերներից, Համաշխարհային բանկից և մեր մնացած բոլոր գործընկերներից: Ինչպես նաև ներքին շուկային պետական պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով պարտքի ներգրավումը, որպես տարբերակ դիտարկում ենք: Անխուսափելի է պարտքի մեծության փոփոխությունը՝ թե բացարձակ, թե հարաբերական իմաստով»,-ասաց Ջանջուղազյանը:
Նա շեշտեց՝ ստեղծված իրավիճակը հենց այն իրավիճակն է, որ պարտադիր է դարձնում հենց այդ ճանապարհով միջոցառումներ իրականացնել՝ հակազդելու համար հնարավոր բացասական զարգացումներին: Այդ տրամաբանությամբ էլ ներկայացված է սցենարը:
Անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ձևակերպմանը՝ Ջանջուղազյանն ասաց՝ առաջարկվում է, որ կառավարությանը հնարավորություն տրվի ճկունության ավելի մեծ աստիճան ունենալ՝ համարժեքորեն արձագանքելու համար ծագող իրավիճակներին՝ այդուհանդերձ ունենալով որոշակի սահմանափակում: «Այդ սահմանափակումը տվյալ դեպքում պետական բյուջեի դեֆիցիտի չափն է՝ 324 մլրդ դրամ կամ կանխատեսվող ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսը»,-ասաց նա: