Պետական բյուջեի եկամուտների փաստացի կատարողականը առաջին եռամսյակում կազմել է 349 մլրդ՝ նախատեսված 340 մլրդ դրամի համեմատ: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով բյուջեի հավաքագրման վերաբերյալ հարցին:
«Պետական բյուջեի փաստացի կատարողականն առաջին եռամսյակում կազմել է 349 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 299.5 մլրդ-ի համեմատ: Այսինքն՝ 49.5 մլրդով ավելի ենք կատարել: Սակայն այս տարվա առաջին եռամսյակի համար ծրագրային ցուցանիշը նախատեսված էր 340 մլրդ, հետևաբար շուրջ 9.5 միլիարդով գերակատարել ենք հաստատված ծրագրային ցուցանիշը»,-նշել է Անանյանը:
Նա նկատեց, որ այդ 2018-ի համեմատ այդ գերակատարման ցուցանիշները շատ ավելի ազդեցիկ են: Անանյանը, սակայն, շեշտեց, որ ավելի լավ է սևեռվել ապագա անելիքների վրա: Նա հիշեցրեց, որ կառավարությունն ապրիլի 23-ի նիստում Պետական բյուջեի մասին օրենքում փոփոխության օրինագիծ է քննարկել, որը կքննարկվի նաև ԱԺ-ում: «Նախատեսելու ենք, օրինակ, Պետական բյուջեի հարկային եկամուտների նվազում: Առաջին եռամսյակը շատ լավ ազդակ է, սակայն ապագան ձևավորելու և ապագա հարկային եկամուտների հավաքագրման առումով դեռևս անորոշությունները մնում են բազմաթիվ»,-ասել է ՊԵԿ նախագահը:
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: