ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նոր միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Նոր միջնորդության համար հիմք են եղել երկրում առկա կորոնավիրուսային հիվանդության համաճարակը և Քոչարյանի վարակման վտանգը՝ հաշվի առնելով, որ նա գտնվում է տարիքային ռիսկային խմբում:
Պաշտպանը նաև դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ ներկայացված միջնորդությունն այլ դատավորի վերամակագրելու համար:
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը տեղի կունենա մայիսի 8-ին։ Քրեական գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը, ով մարտի 13-ից գտնվում էր արձակուրդում, ապրիլի 17-ին դուրս է եկել աշխատանքի և կրկին արձակուրդ է ձևակերպել ապրիլի 20-ից մինչև մայիսի 7-ը ։