կարևոր
1552 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-23 12:40

Ուսանողական վարկ ստանալու համար այլևս ծնողների եկամուտների վերաբերյալ փաստաթուղթ չի պահանջվի

Ուսանողական վարկ ստանալու համար այլևս ծնողների եկամուտների վերաբերյալ փաստաթուղթ չի պահանջվի

Հայաստանում ուսանողական վարկերի պայմանները հեշտացվում են: Այդ մասին կառավարության նիստում նշել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ ավելացնելով, որ այս պահին ունենք 11 150 ուսանողական վարկ:

Անդրադառնալով կառավարության հակաճգնաժամային 14-րդ միջոցառմանը՝ ԿԲ նախագահն ասել է. «Սա նշանակում է, որ 80 տոկոսից բարձր ՄՕԳ ունեցող ուսանողները վարկ կստանան զրո տոկոսով, նաև գործող վարկերը դառնում են զրո տոկոսով: 80-ից ցածր ՄՈԳ ունեցողների համար վարկի տոկոսը իջնում է եւ դառնում 4 տոկոս: Բացի այդ, նոտարի կողմից հաստատված երաշխավորություններ ծնողների կողմից այլեւս պետք չեն: Սա նշանակում է, որ վարկերի ստացման ընթացակարգն էլ է հեշտացվել: Մենք, փաստորեն, հասանելի ենք դարձնում վարկերը բոլոր ուսանողների համար: Ակնկալում ենք, որ շատ ուսանողներ կդիմեն վարկավորման համար»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելացրել է, որ ուսման տարիներին ուսանողները մայր գումար չեն վճարում: «Այսինքն՝ 80-ից  բարձր ՄՈԳ ունեցողներն ընդհանրապես որևէ վճարում չեն անի: Վճարում կսկսեն անել միայն ավարտելուց հետո: Փաստորեն, 100 տոկոսով կատարվում է մեր քաղաքական այն հանձնառությունը, որ բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող ուսման վարձ չվճարելու պատճառով չի հեռացվի բուհից»,-ընդգծել է վարչապետը:

Արթուր Ջավադյանը հավելել է, որ վարկավորումն իրականացվելու է 4 նվագով, վարկառուն ամեն տարի ստանալու է մեկ նվագ: «Նաև ուսանողները հնարավորություն ունեն ուսանելուց հետո ևս մեկ տարի վճարում չանել: Իսկ 80-ից ցածր ՄՈԳ ունեցողները կարող են ուսման տարիներին վճարել միայն 4 տոկոս: Գրեթե հավանականություն չկա, որ ուսանողը դիմի վարկի համար ու մերժվի, որովհետև ոչ մի փաստաթուղթ ուսանողից չի պահանջվելու իր եկամուտների մասին»,-ասել է նա:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս փոփոխությունը վերաբերում է մայիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածին, որից հետո կգործեն հին ցուցանիշները: