կարևոր
1434 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-23 11:54

Աշխատանքային անվտանգության ի՞նչ նորմերով պետք է աշխատեն այսօրվանից գործող առևտրի կետերն ու կազմակերպությունները

Աշխատանքային անվտանգության ի՞նչ նորմերով պետք է աշխատեն այսօրվանից գործող առևտրի կետերն ու կազմակերպությունները

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ներկայացրել է կարևոր մանրամասներ պարետի որոշումից աշխատանքային անվտանգության այն նորմերի վերաբերյալ, որոնցով պիտի աշխատեն այսօրվանից  գործող առևտրի կետերն ու կազմակերպությունները։

Հավելված N 3-ում կատարվել են հետևյալ փոփոխությունները՝

1) 8-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ՝

«Այն կազմակերպություններում, որտեղ աշխատանքային տարածքը հնարավորություն չի տալիս պահպանել սոցիալական հեռավորությունը, արտակարգ դրության ժամանակահատվածում պետք է սահմանվի հերթափոխային աշխատանք ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխան:

Յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխից հետո աշխատանքային տարածքում պետք է իրականացվեն ախտահանիչ միջոցառումներ»:

2) «Աշխատանքի կազմակերպումը» բաժնի 3-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ.

«Կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվող աշխատակիցների (65 և բարձր տարիքի անձինք, քրոնիկ շնչառական հիվանդություններ (ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (COPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ), սրտի քրոնիկ հիվանդություն (սրտի անբավարարություն), երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություններ (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած) և շաքարային դիաբետ ունեցող անձինք) աշխատանքը կազմակերպել բացառապես հեռավար եղանակով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ապահովել աշխատանքի չներկայանալը՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները»:

3) «Աշխատանքի կազմակերպումը» մասի 4-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ խմբագրությամբ՝

«20 քառակուսի մետր և ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում պահպանել սոցիալական հեռավորություն՝ ապահովելով յուրաքանչյուր անձի համար 8 քառակուսի մետրից ոչ պակաս տարածք, իսկ մինչև 20 քառակուսի մետր մակերես ունեցող առևտրի օբյեկտներում` միաժամանակ առավելագույնը 2 անձի ներկայություն»:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 23:59-ից: