կարևոր
2396 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-23 11:47

«Երեւանի մշակույթի պետական քոլեջը» եւ «Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջը» միաձուլվեցին

«Երեւանի մշակույթի պետական քոլեջը» եւ «Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջը» միաձուլվեցին

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում որոշում կայացրեց, որով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Երեւանի մշակույթի պետական քոլեջ» եւ «Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունները միաձուլվում են եւ ստեղծվում է ԿԳՄՍՆ «Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Երեւանի մշակույթի պետական քոլեջը» եւ «Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջը» իրականացնում են գրեթե միեւնույն մասնագիտական ուսուցում եւ հարկերով առանձնացված լինելու հանգամանքից ելնելով խաթարվում է ուսումնական հաստատությունների բնականոն գործընթացը:

Այդ երկու քոլեջներում ուսուցանվում է  համապատասխանաբար  6 եւ 9 մասնագիտություններ, որոնցից «Երգեցողություն», «Դերասանական արվեստ», «Ռեժիսուրա» եւ «Էստրադային արվեստ» մասնագիտությունները կրկնվում են եւ ուսուցանվում են երկու ուսումնական հաստատություններում:

Նշվում է, որ կազմակերպության վերակազմակերպումը, ինչպես նաեւ դրա նկատմամբ պարտավորական կամ այլ իրավունքներ ունեցող անձանց փոփոխությունը հիմք չէ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար, եթե տեղի չի ունենում աշխատողների թվաքանակի եւ (կամ) հաստիքներիկրճատում:

Միաձուլման արդյունքում, նոր հաստիքացուցակի հաստատմամբ հնարավոր են հաստիքների կրճատումներ, մասնավորապես վարչական եւ ուսումնաօժանդակ, պայմանավորված նոր ուսումնական տարվա սկզբին արտադրական ծավալների փոփոխմամբ  /սովորողների թվի փոփոխություն/: