Ամփոփվել են Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու նպատակով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհների մրցույթի արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Դրամաշնորհային մրցույթում հաղթող են ճանաչվել հետևյալ նախագծերը՝
«Մրցույթի առաջին՝ հայտերի գնահատման փուլում, դիմումների և ներկայացված կից փաստաթղթերի հիման վրա գնահատվել են նախագծի օգտակարությունը և իրագործելիությունը: Հանձնաժողովի անդամների կողմից ամենաբարձր միավորներ հավաքած ծրագրերն անցել են հաջորդ փուլ:
Հարկ է նշել, որ հայտերի ընդունման վերջնաժամկետին (ապրիլի 3-ը) ստացվել է 135 դիմում, որոնցից հանձնաժողովի կողմից քննության են ենթարկվել 122 դիմումները (13 դիմում անվավեր է հայտարարվել, քանի որ ստացվել են անհատներից, ինչպես նաև եղել են կրկնվող դիմումներ):
Մրցույթի երկրորդ փուլը կազմակերպվել է առցանց՝ տեսակապի միջոցով: Դիմորդներից յուրաքանչյուրին տրվել է 3 րոպե՝ մրցութային հանձնաժողովին ծրագիրը ներկայացնելու համար՝ շեշտադրելով օգտակարությունը, իրագործելիության արագությունը, նորարարությունը, իրականացնող թիմը, ֆինանսական գնահատականի համապատասխանությունը, ապա 5 րոպե՝ հանձնաժողովի անդամների կողմից հարցերին պատասխանելու համար: Ամենից բարձր միավորներով 5 մասնակիցները դարձել են հաղթող՝ իրենց ծրագրերն իրագործման համար ստանալով համապատասխանաբար 10մլն, 5մլն, 3մլն, 2մլն, 2մլն ՀՀ դրամ գումար:
Հաղթող նախագծերը ներկայացվել են հետևյալ կազմակերպությունների կողմից՝ ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ, ՀՀ ԳԱԱ Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ ՊՈԱԿ, Ա.Ի.Ալիխանյանի անվ. ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ ՊՈԱԿ, «Դեղերի օգտագործման գիտական խումբ» ՀԿ:
Հիշեցնենք, որ մարտի 27-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել էր դրամաշնորհների մրցույթ՝ Կորոնավիրուսի (COVID-19)տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու նպատակով (https://hti.am/pages.php?lang=1&id=7524&page_name=news): Մրցույթի գնահատման մեխանիզմը https://hti.am/edfiles/files/Evaluation%20Mechanism.pdf և մրցույթի ամփոփման արձանագրությունը ներկայացված են կայքում՝ https://hti.am/edfiles/files/Ardzanagrutyun.pdf»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։