կարևոր
2515 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-22 23:45

Ինձ էլ են տուգանել 100 հազար դրամի չափով. «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատեր

Ինձ էլ են տուգանել 100 հազար դրամի չափով. «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատեր

Ինձ էլ են տուգանել 100 հազար դրամի չափով, որ առանց պարետի թույլտվության թույլ ենք տվել աշխատողները գան, գուցե ունենք մեղավորություն, բայց իրենք էլ ունեն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22–ին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանը՝ խոսելով երեկ ֆաբրիկայում տեղի ունեցած միջադեպի մասին։

«Ապրիլի 20-ին մարդիկ եկան աշխատավարձեր ստանալու, հիմնականում բրիգադիրները, միաբերան ասացին, որ ուզում են գալ աշխատանքի, քանի որ ոչ մի ծրագրի մեջ ներգրավված չեն եղել, ասացին՝ գանք աշխատենք, մեր ծախսերը հոգանք։ Քանի որ դրա նախորդ օրերին Էկոնոմիկայի նախարարությունում խորհրդակցություն էր, որոշեցին, որ գործարարները նամակներով դիմեն, թո ով է ուզում աշխատել, մեր մոտ ամեն ղեկավար իր աշխատակիցներից ճշտեցին եւ բոլորը հայտնեցին, որ ուզում են գալ աշխատել։ Ապրիլի 20–ի երեկոյան դիմում գրեցի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, որ «Գլորիա» կարի ֆաբրիկան իր աշխատակիցներով՝ 2630 մարդ, ցանկություն է հայտնում վերսկսել աշխատանքները»,-նշել է Դարբինյանը։

Նրա խոսքով՝ աշխատակիցներն աշխատանքի էին եկել, որովհետև լսել էին, թե ապրիլի 20-ից վերականգնվելու է տեքստիլի աշխատանքը, սակայն դեռ պարետի համապատասխան որոշումը չկա։ Նա անդրադարձավ նաեւ աշխատակիցների տուգանքներին։

«Ինժեներն ապրիլի 21–ին եկավ, ասաց մեկ մարդու նման բոլորը եկել են աշխատանքի, եթե ուրիշ օրերին բացակայում էին, այսօր բացակա չկա։ Եթե աշխատակիցը գալիս է, ի՞նչ անեն, դուրս վռնդե՞ն։ Մարդիկ իրենց ցանկությամբ եկել նստել աշխատել են, ես զոռով չեմ կանչել, ասել եմ՝ դուրս եկեք, ասել են՝ չէ, մենք պետք է աշխատենք։ Մարդիկ ցանկություն են հայտնել, ես էլ եմ նպատակահարմար գտնում, որ պատվիրատուներ ենք կորցնում։ Աշխատակիցներից մի քանիսին 100 հազար դրամի չափով տուգանել են, գուցե ասեն՝ հանցանքը փոքր է՝ ներեն»,-ասել է Դարբինյանը։

Բագրատ Դարբինյանը հավելել է, որ իր դիմումին Էկոնոմիկայի նախարարությունից որեւէ պատասխան չի եղել։

Հիշեցնենք, որ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները լսել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը, թե ապրիլի 20-ից վերականգնվելու է տեսքստիլի աշխատանքը եւ երեկ գնացել են շխատանքի, բայց քանի որ դեռ պարետի համապատասխան որոշումը չկա, ոստիկանները մտել են արտադրամաս ու տուգանել աշխատակիցներին՝ 100-հազարական դրամով, քանի որ նրանք չեն ունեցել գործատուի կողմից տրված աշխատանքային թերթիկ: