կարևոր
2017 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-22 21:50

Ինչպե՞ս կազդի նավթի գնանկումը Հայաստանի տնտեսության վրա

Ինչպե՞ս կազդի նավթի գնանկումը Հայաստանի տնտեսության վրա

Նավթի միջազգային գների անկումն աննախադեպ էր համաշխարհային տնտեսության պատմության ընթացքում։ Նման դեպք, երբ ունենք նավթի որոշ տեսակների բացասական գին, այսինքն` ոչ թե զրոյական, այլ բացասական,  լուրջ ցնցում է, ընդ որում՝ այս ցնցումային իրավիճակը  շարունակվելու է, մինչև խոշոր նավթարդյունահանող  ընկերությունների կողմից վերջնական փոխհամաձայնեցված որոշումներ չլինեն։ Տեսակետը հայտնել է  տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, ընդգծելով, որ վերջին շրջանում առկա միտումների պարագայում՝ Հայաստանում միանշանակ պետք է նավթամթերքի, մասնավորապես բենզինի գների անկում նկատվի։

«Կարծում եմ, օրերի ընթացքում պետք է տեսնենք նավթամթերքի գնի համարժեք նվազման փաստը։ Հակառակ պարագայում՝ կարող ենք պնդել, որ գործ ունենք այս ոլորտում գերշահույթների և մենաշնորհային իրավիճակի հետ»,-ասել է նա։

Տնտեսագետը միաժամանակ շեշտում է, որ այս գործոնով պայմանավորված առկա են նաև մտահոգություններ, որոնք առնչվում են ռուսական ռուբլու և Ռուսաստանի տնտեսության վրա դրա հետևանքներին։ Դրանք՝ խորանալու միտում ունեն։

«Բնական է, որ ռուսական ռուբլու արժեզրկումը բերելու է նաև ՀՀ ազգային արժույթի արժեզրկման նոր ալիք։ Ռուսական ռուբլու արժեզրկումը կրճատելու է ռուսական շուկայում առկա գնողունակությունը, իրական գնողունակության կրճատումը վերաբերում է նաև Հայաստանից ներմուծվող ապրանքներին, գյուղմթերք, սննդամթերք, ոգելից խմիչքներ, ծխախոտ։ Արտահանվող ապրանքների իրացման շրջանառության նվազումը կհանգեցնի եկամուտների նվազման։ Չմոռանանք, որ մեր երկրի արտահանումների ¼-ը, որոշ ոլորտներում ավելի շատ՝ հենց ուղղված է ՌԴ շուկա»,- մանրամասնել է տնտեսագետը, հորդորելով․

 «Այս պահից սկսած այն գերատեսչությունները, որոնք պատասխանատու են ազգային արժույթի կայունության համար և արտահանող տնտեսվարողները, պետք է վարքագծի վերանայում իրականացնեն։ Հակառակ դեպքում՝ տնտեսական ու նաև սոցիալական բլոկում կորուստներ ենք ունենալու» ։