Ապրիլի 18-ին՝ ժամը 22-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ձախ ազդրի կտրած-ծակած վերքով տեղափոխվել է 26-ամյա մի երիտասարդ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիակնությունից։
Պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Հարավարևմտյան Բ-2 թաղամասում, դպրոցի մոտ տուժողը վեճի է բռնվել անծանոթ մի երիտասարդի հետ, որն էլ դանակահարել էր նրան:
Քրեական հետախույզները ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով դեպքի վայրում և հարակից շենքերում օպերատիվ հարցումներ են անցկացրել: Հետևողական աշխատանքի արդյունքում, հաղորդումից օրեր անց, հանցագործությունը բացահայտվել է:
Տեղեկություններ են ստացվել, որ հնարավոր է տուժողին մարմնական վնասվածքը պատճառած լինի նույն թաղամասի 28-ամյա մի բնակիչ: Բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 21-ին կասկածվողը ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: