կարևոր
2706 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-22 19:44

Այստեղ կարծում եմ, որ կա նաև քաղաքականություն. Աբովյանի թիվ 2-րդ դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից

Այստեղ կարծում եմ, որ կա նաև քաղաքականություն. Աբովյանի թիվ 2-րդ դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից

Աբովյան քաղաքի թիվ երկրորդ դպրոցի տնօրեն Սվետլաննա Հովհաննիսյանը ազատվել է աշխատանքից և աշակերտների ծնողները բաց նամակով իրենց բողոքի ձայնն են հայտնել՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանին և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին:

Tert.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Սվետլաննա Հովհաննիսյանը նշել է, որ իրեն մարզպետը երկու նկատողությամբ է ազատել: Առաջինն այն է, որ դասասենյակում ջերմաչափ չկա, այն ինչ դպրոցը շատ տաք է եղել, իսկ երկրորդ նկատողությունը եղել է համալիր ուսումնասիրության արդյունքում, որտեղ խախտումներ չեն եղել, և միայն երկու տեխնիկական թերություններ է հայտնաբերվել ու նկատողություն է տրվել:

Նա նշեց, որ ֆինանսական որևէ խախտում չի եղել և ապրիլի 17-ին իրեն ազատել են աշխատանքից, իսկ երկու օր հետո էլ որոշումն է ուղարկվել:

«Երևի ինձ հետ չեն ցանկանում աշխատել. կա նաև քաղաքական պատճառ: Ես անկուսակցական եմ, եղել եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, ես Ծառուկյանի կնոջ հետ խնամիական կապեր ունեմ, բայց դա ինձ համար պարտավորություն է, ես աշխատել եմ մեծ պատասխանատվությամբ: Ես այսքան մեդալներ, պատվոգրեր իմ աշխատանքի շնորհիվ եմ ձեռք բերել, իսկ Ծառուկյանը բոլոր դպրոցներին է օգնել, ոչ միայն մեր»,-ասել է նա:

Ըստ Սվետլաննա Հովհաննիսյանի նպատակ ունեն այլ տնօրեն նշանակել: Նա նաև հերքեց մարզպետի այն ասածները, ըստ որի՝ ջերմաչափում չի կատարվել դպրոցներում: Տնօրենն ասաց, որ ջերմաչափում ամեն օր կատարվել է և միայն այդ ստուգման պահին երեք ջերմաչափ չի եղել և մեկ ժամվա ընթացքում արձանագրված թերությունը շտկվել է: «Մարզպետն ասում է, որ ինձ ազատել է 19-ին, սակայն ինձ ազատել է ամսի 17-ին, իսկ  որոշումն ուղարկվել է ինձ ամսի 20-ի երեկոյան»,-ասել է նա և նշել, որ ինքը ստացել է ոչ թե երկու խիստ նկատողություն, այլ ջերմաչափումի համար ստացել է նկատողություն, իսկ համալիր ստուգման համար՝ խիստ նկատողություն:

«Սրանում կարծում եմ կա նաև քաղաքականություն. այստեղ մեզ հներ են ասում և ասել են, որ հները պետք է զիջեն ներերին և երկու օր հետո ստացանք նկատողություն»,-նշել է նա:

Ինչ վերաբերում է նրան, որ ծնողները ցանկացել էին նույնիսկ դասադուլ անել, նա նշեց, որ համաձայն չէ, որ հեռավար ուսուցման դասերը դադարեցվեն, քանի որ հենց արտակարգ դրության օրվանից իրենց դպրոցը շատ արագ կազմակերպել է հեռավար ուսուցում: «Չէի ցանկանա երեխաները տուժեին»,-ասաց նա և նշեց, որ ամեն դեպքում իր իրավունքների համար կպայքարի: