կարևոր
1392 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-22 18:49

Մակունցը պարզաբանեց տեքստիլի արտադրամասերի աշխատանքի հետ կապված խնդիրը

Մակունցը պարզաբանեց տեքստիլի արտադրամասերի աշխատանքի հետ կապված խնդիրը

Տեքստիլի արտադրամասերը կանոնների պահպանմամբ կարող են գործել միայն նախապես նախարարությանը դիմելուց հետո: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով գործընկերների՝ տեքստիլի արտադրամասի աշխատանքի հետ կապված մտահոգություններին:

«Պարետատունը հայտարարել էր, որ ապրիլի 20-ից կսկսեն աշխատանքները գործարկվել տեքստիլ արտադրամասերում, եթե վարակի տարածման ինտենսիվությունը նվազ լինի 1-ից: Այս պահին վարակի տարածման ինտենսիվությունը 1-ից բարձր է: Եվ դրա հետ կապված պարետատունը լրացուցիչ հայտարարություն կանի: Միևնույն ժամանակ, տեքստիլ արտադրողները հանդիպում են ունեցել էկոնոմիկայի նախարարությունում և խնդրել են, որ առաջարկվող կանոնների պահպանմամբ աշխատեն միայն այն արտադրամասերը, որոնք նախապես կդիմեն Էկոնոմիկայի նախարարությանը, քանի որ կան տեքստիլ արտադրամասեր, որոնք չեն ուզում առաջարկվող պայմաններով աշխատել: Այս կապակցությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն, և հենց այսօր պարետի համապատասխան որոշումը կայացվելու է, որ այն արտադրողները, որոնք համաձայն են առաջարկվող կանոնների պահպանմամբ աշխատելու, դիմում են նախարարություն և այնուհետև կարող են ծավալել իրենց գործունեությունը»,- ասաց Մակունցը:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատեց, որ այդ ընկերությունների համար այնպիսի նախապայմաններ են դրված, օրինակ՝ սոցիալական հեռավորության պահպանում, որ դա նշանակում է՝ չեն կարող աշխատել:  «Դե, եթե չեն կարող աշխատել, այդ 2600 ընտանիքներին պետությունը պետք է աջակցի: Եթե չի կարելի աշխատել, չպետք է աշխատեն, բայց որ պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, աջակցի այս ընտանիքներին, սա միանշանակ է: Հիմա ստացվում է, որ ասվում է մի աշխատեք, նաև այնպիսի չափանիշներ են սահմանվել, որ նրանց այդ աջակցությունը չի հասնում, նաև այդ մարդկանց 100 հազար դրամ տուգանում են: Այսպես` չի լինելու»,-ասաց նա:

Ապրիլի 21-ին «Գլորիա» կարի ֆաբրիկայի տասնյակ աշխատակիցներ մուտք են գործել գործարան և պահանջել, որ ֆաբրիկան վերաբացվի, որպեսզի իրենք կարողանան աշխատել: Աշխատակիցներին բարկացրել է այն, որ ֆաբրիկայի ղեկավարությունը որոշել է ևս 1 ամիս երկարացնել աշխատանքի դադարը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանները։ Աշխատակիցներից մի քանիսին բերման են ենթարկել։