կարևոր
1910 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-22 17:02

«Նոա» ակումբի անդամների կորոնավիրուսի թեստերի պատասխանները բացասական են եղել

«Նոա» ակումբի անդամների կորոնավիրուսի թեստերի պատասխանները բացասական են եղել

Հայաստան ֆուտբոլի առաջնության բարձրագույն խումբը ներկայացնող «Նոա» ակումբի անդամները մարզումները վերսկսելուց առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Նոա»-ի անձնակազմը անցել է COVID-19 թեստերը՝ կորոնավիրուսային վարակի առկայությունը ստուգելու նպատակով: Բոլոր ֆուտբոլիստների, մարզչական շտաբի և բուժանձնակազմի ներկայացուցիչների թեստերի պատասխանները եղել են բացասական: 

Ապրիլի 23-ից սկսած թիմը կվերսկսի մարզումները՝ պահպանելով անվտանգության բոլոր միջոցները և կանոնները:

Նախօրեին «Արարատի» ֆուտբոլիստները և աշխատակազմը ևս հանձնել էին ՀՖՖ-ի կողմից ստացած կորոնավիրուսի թեստերը, բոլորի պատասխանները նույնպես եղել են բացասական։

Ավելի վաղ  ՀՖՖ-ն հայտարարություն էր տարածել, որ ՀՀ պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից:  ՀՖՖ-ին տրամադրվել են կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, որոնք մոտակա 3 օրերի ընթացքում կբաժանվեն Բարձրագույն և Առաջին խմբի առաջնության մասնակից ակումբներին: Մինչև մարզումների սկիզբը բոլոր ակումբները պարտավոր են թեստավորել իրենց ֆուտբոլիստներին, ինչպես նաև մարզչական, սպասարկող և բժշկական անձնակազմերի ներկայացուցիչներին։ Յուրաքանչյուր ակումբի կազմում մարզմանը միաժամանակ կարող է մասնակցել ոչ ավելի, քան 20 անձ՝ ներառյալ ֆուտբոլիստները, մարզչական, սպասարկող և բժշկական անձնակազմի ներկայացուցիչները: