կարևոր
1490 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-22 12:25

Պատգամավորը կոչ է անում աջակցություն տրամադրել բոլոր ուսանողներին՝ անկախ ՄՈԳ-ից

Պատգամավորը կոչ է անում աջակցություն տրամադրել բոլոր ուսանողներին՝ անկախ ՄՈԳ-ից

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը կառավարությանը կոչ է անում աջակցության ծրագրի շրջանակում զեղչել բոլոր ուսանողների վարձը՝ անկախ նրանց միջին որակավորման գնահատականի չափից:

Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ ապրիլի 22-ի նիստում իր ելույթում:

«Դրված պայմանները խնդիր են առաջացնում այն ուսանողների համար, որոնք իսկապես դրա կարիքն ունեն: Դրված չափորոշիչներից է բարձր միջին որակավորման գնահատականը (ՄՈԳ): Այդ կարգավորման տակ ընկնում են ուսանողները, որոնք արդեն իսկ անվճար են սովորում կամ բավականին զեղչեր ունեն: Իսկ այն ուսանողները, որոնք իսկապես զեղչման կարիք ունեն, դրանից չեն կարող օգտվել»,-ասաց պատգամավորը:

Նա նաև նկատեց, որ մասնավոր բուհերի ուսանողները չեն կարող օգտվել ծրագրից: «Ես կոչ կանեմ կառավարությանը, նաև պատգամավորներին վերանայել այս ծրագրի որոշակի դրույթներ, խտրականություն՝ ՄՈԳ-ի առումով չդնել, եթե աջակցում ենք, աջակցենք՝ բոլորին: Բոլորն էլ այդ աջակցության կարիքն ունեն: Ճգնաժամային իրավիճակում բոլոր ուսանողներն են հայտնվել»,-ասաց նա:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակում պետությունը պատրաստվում է աջակցություն ցուցաբերել ուսանողներին: Պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ օրդինատուրայի 90 եւ ավելի ՄՈԳ ունեցող եւ ավարտական կուրսում գտնվող ուսանողների կիսամյակի ուսման վարձերը կառավարության կողմից կվճարվեն 100 տոկոսով։ 90 եւ ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 75 տոկոսով։ Ուսանողական վարկերի տրամադրման ընթացակարգը կպարզեցվի։ 80-ից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների գործող եւ նոր տրվող վարկերի տոկոսները 2020 թվականի համար կզրոյացվեն՝ այդ թվում պետության կողմից հավատարմագրում ունեցող բուհերի ուսանողների համար։ 80-ից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողների համար վարկերի տոկոսները կսուբսիդավորվեն 5 տոկոսով, այսինքն` վարկերը հասանելի կլինեն 4 տոկոսով։ Ուսանողները վարկի մայր գումարը սպասարկում են բուհն ավարտելուց հետո։