կարևոր
1747 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-22 12:08

Թունյանը ներդրողների համար առաջարկում է հակաճգնաժամային նոր նախագիծ

Թունյանը ներդրողների համար առաջարկում է հակաճգնաժամային նոր նախագիծ

ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով, ըստ էության, թույլ է տրվում, որ տնտեսավարողը սեփական հայեցողությամբ որոշի ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն ժամկետը, կամ, այլ կերպ ասած, առաջարկվում է արագացված ամորտիզացիայի գործիք: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը Թունյանը ներկայացրեց ԱԺ ապրիլի 22-ի նիստում:

Պատգամավորը նախ մատչելի կերպով պարզաբանեց, թե ինչի մասին է  նախագիծը: Այն վերաբերում է կապիտալ ծախսերի մասհանումներին: Այսօր գործող հարկային կարգավորումներով, եթե տնտեսավարողը ներդրումներ է կատարում, այսինքն՝ սարքավորումներ կամ շենք-շինություն է գնում կամ կառուցում, չի կարող այդ ծախսը միանգամից տվյալ տարում ծախսագրել: Առանձին խմբերի համար կան սահմանված նվազագույն ժամկետներ, ասենք համակարգիչների և նման տեխնիկայի համար դա 1 տարի է, շենքերի, շինությունների համար՝ 20 տարի: Օրինակ, եթե մեկը 1 մլն դոլար արժողությամբ հոսքագիծ է գնել, նա չի կարող այդ 1 մլն դոլարի ծախսը հենց նույն հարկային տարում ծախսագրել որպես ծախս, իր եկամուտներից պակասեցնել և ըստ այդմ ավելի քիչ շահութահարկ վճարել, այլ պետք է դա կատարի առնվազն 5 տարվա ընթացքում՝ մաս-մաս: «Հարկային օրենսգրքում այդ կանոնից կա մեկ բացառություն՝ կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերի մասով տնտեսավարողը կարող է այդ կանոնից շեղվել և սարքավորումների, անշարժ գույքի մասով ինքնուրույն որոշել, թե ինչ ժամկետում կարող է այդ մասհանումներն իրականացնել: Այդպիսով, տնտեսավարողը ավելի ճկուն է  դառնում,  հնարավորություն է  ստանում սկզբնական շրջանում իր մոտ որոշակի փող կուտակել, այսինքն՝ քիչ շահութահարկ վճարել: Այս փոփոխությամբ առաջարկում ենք, որ նույն հնարավորությունը տարածվի նաև բոլոր մնացած տնտեսավարողների վրա, եթե նրանք այդ ներդրումները կկատարեն մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը»,-ասաց Թունյանը:

Նա նկատեց՝ սա մոտիվացնելու է տնտեսավարողներին, որոնք նպատակ ունեին ներդրումներ անել հաջորդ տարի, այդ ներդրումները կատարել այս տարի: Տնտեսավարողը այդ արդյունքը զգալու է ոչ թե այս տարի, այլ հաջորդ տարի, քանի որ հարկը վճարվելու է հաջորդ տարի: Սակայն, պատգամավորի վստահեցմամբ, տնտեսությունն այդ էֆեկտը զգալու է ներկայում՝ կատարվող ներդրումների արդյունքում: Թունյանը նաև հիշեցրեց, որ այդ մեխանիզմն աշխարհի մի շարք երկրներում կիրառվել և կիրառվում է, կոչվում է արագացված ամորտիզացիայի գործիք:

Կառավարության եզրակացությունը ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:  Նա նշեց, որ իրենց գնահատմամբ՝ ներկայում անկախ այդ նախագծի ընդունումից ըստ էության արագացված ամորտիզացիա է կիրառվում Հայաստանում, քանի որ հիմնական միջոցների ամորտիզացման թույլատրելի նվազագույն ժամկետները գործնականում ավելի կարճ են, քան դրանց տնտեսական կյանքի տևողությունը: Սակայն նա նշեց, որ ներկայում հարկային հաշվառման արդյունքում ձևավորվող հարկային վնասների հիմնական մասը հետևանք է հենց արագացված ամորտիզացիայի կիրառության: Պողոսյանը նկատեց, որ նախագծի հեղինակի խոսքով՝ այս նախագծով փորձ է արվելու ազդել հնարավոր ներդրողների վարքագծի վրա: «Գործնականում, սակայն, չենք կարող բացառել, որ շատ տնտեսավարող սուբյեկտներ արդեն իսկ կայացրել են ներդրումներ կատարելու որոշումներ, բայց այնպես է ստացվում, որ այդ ներդրումը կատարվելու է այս օրենքի ընդունումից հետո: Նրա խոսքով՝ ստացվում է, որ սա նրանց համար լինելու է ոչ թե վարքագիծ փոխող քաղաքականություն, այլ պարզապես լրացուցիչ հնարավորություն: Սրա մեջ էլ կարելի է և´ դրական, և´ բացասական կողմեր գտնել: Դրական է այն առումով, որ նրանց ընթացիկ իրացվելիության մակարդակը կբարձրանա, բայց բացասական է այն առումով, որ այդ սեգմենտի վարքագծի վրա գոնե ազդած չենք լինի»,-ասաց նա: