կարևոր
1262 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-22 10:12

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ

Ապրիլի 21-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ:

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մարտահրավերներին և դրա հետևանքով սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերին: Նախարար Մնացականյանն իր զորակցությունը հայտնեց Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ համավարակի և դրա հետևանքների շուտափույթ հաղթահարման գործում:

Երկուստեք կարևորվեց համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ փոխօգնության, փորձի փոխանակման և քաղաքացիների և հատկապես՝ ուսանողների՝ իրենց հայրենիք անարգել ու ապահով տեղափոխման ուղղությամբ: Զոհրաբ Մնացականյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց Հնդկաստանի իշխանություններին առողջապահական և այլ ոլորտներում ցուցաբերած աջակցության համար:  

Հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին նաև երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի` վերահաստատելով երկկողմ պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թիրախային ոլորտներում և գործնական քայլեր ձեռնարկելու հայ-հնդկական կապերի հետագա աշխուժացման համար:

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները նաև մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի շուրջ: