կարևոր
1201 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-21 20:02

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեսակոնֆերանսը մեկնարկել է։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ, մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը»,-գրել է Նաղդալյանը։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ապրիլի 20-ին տեսակոնֆերանս է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

«Կողմերն ընդգծեցին նոր տիպի կորոնավիրուսի դեմ գլոբալ պայքարի համատեքստում հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը։ Կարծիքներ փոխանակվեցին ստեղծված պայմաններում աշխատանքների շարունակականության ապահովման քայլերի ուղղությամբ: Այս համատեքստում պայմանավորվածություն ձեռք է բերվել ապրիլի 21-ին անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ապրիլի 21-ին ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնել է տեսակոնֆերանսում քննարկելիք գերակա խնդիրը.

«Երեկ եղել է տեսազրույց ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այսօր, հավանական է, կկայանա տեսակոնֆերանս Հայաստանի, Ադրբեջանի և համանախագահների մասնակցությամբ։ Այսօրվա մեր գերակա խնդիրը վերաբերում է մեկ բանի` երբ տարածաշրջանն ու աշխարհը կենտրոնացած է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շուրջ, զինադադարի պահպանումը, որևէ ռիսկերի բացառումն առավել քան գերակա խնդիր է։ Մենք աշխատելու ենք այս ուղղությամբ։ Մնացած հարցերը հետո»,- ասել է Մնացականյանը։